Ահա «բարեփոխված» առողջապահության իրական դեմքը. Անուշ Պողոսյան
Բլոգոսֆերա
«Տարիներ շարունակ առողջապահության պատասխանատուները խոսում են զարգացած համակարգից, եվրոպական չափանիշներից, միլիարդավոր ներդրումներից և «աննախադեպ» բարեփոխումներից»,-«Ահա «բարեփոխված» առողջապահության իրական դեմքը» վերտառությամբ գրառման մեջ ասում է «Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը, շարունակելով.
«Բայց ահա այն վայրը, որտեղ պետք է բուժվեն ջրի աղտոտման, աղիքային վարակների և զանգվածային թունավորումների հետևանքով տուժած քաղաքացիները։
Կեղտոտ ու մաշված ներքնակներ, խոնավությունից քայքայված պատեր, անմխիթար սանհանգույցներ...
Սրանք ոչ թե 1990-ականների արխիվային լուսանկարներ են, այլ այսօրվա Հայաստանի ինֆեկցիոն հիվանդանոցի պայմանները։
Տարիներ շարունակ ահազանգել եմ Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման մարզային կենտրոնների կրճատման վտանգների մասին։ Փոխարենը՝ կանխարգելման համակարգը թուլացվեց, մասնագիտական կարծիքները անտեսվեցին, իսկ արդյունքը դարձան ջրային վարակների բռնկումները և հերթական թունավորումները։
Առողջապահությունը չի սկսվում հիվանդանոցից։ Այն սկսվում է կանխարգելումից, վերահսկողությունից և անվտանգ միջավայրից։ Երբ այդ համակարգը քանդվում է, հիվանդանոցները լցվում են հիվանդներով, իսկ պետությունը ստիպված է պայքարել այն խնդիրների դեմ, որոնք կարող էր կանխել։
Այս լուսանկարները լավագույն գնահատականն են այն պաշտոնյաների աշխատանքի համար, որոնք ամեն օր խոսում են հաջողություններից, բայց խուսափում են պատասխանել մեկ պարզ հարցի․
Եթե առողջապահությունը զարգանում է, ապա ինչո՞ւ են քաղաքացիները բուժվում այսպիսի պայմաններում»։


















































Ամենադիտված
Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը