Թրամփը ողջունել է Իրաքի վարչապետի ջանքերը երկրի ողջ տարածքում պետական իշխանությունը հաստատելու ուղղությամբ
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ աջակցում է Իրաքի վարչապետ Ալի ալ-Զեյդիի՝ երկրի ողջ տարածքում պետական իշխանությունն ամրապնդելու ջանքերին։ Նոյեմբերի 27-ին Truth Social-ում հրապարակած գրառման մեջ նա ընդգծել է, որ Վաշինգտոնն աջակցում է Իրաքի նավթի մաքսանենգության դեմ պայքարին, կոռուպցիայի վերացմանը և բոլոր զինված ուժերը պետական վերահսկողության տակ վերցնելու նախաձեռնությանը։
Թրամփի խոսքով՝ ԱՄՆ-ն աջակցում է նաև Իրաքի միասնական, բարգավաճ և ուժեղ պետություն կառուցելու ջանքերին, որն ինքնուրույն կկայացնի իր քաղաքական որոշումները։
Ամերիկյան նախագահի հայտարարությունը հնչել է Բաղդադի և Իրաքյան Քրդստանի միջև լարվածության աճի պայմաններում։ Իրաքի կառավարությունը նախատեսում է դաշնային ուժերի վերահսկողության տակ վերցնել Քրդստանի տարածաշրջանի սահմանային անցակետերն ու վիճելի տարածքներում գտնվող նավթահանքերը։ Բաղդադը պնդում է, որ պետական նավթային ընկերության շրջանցմամբ իրականացվող արտահանումը մաքսանենգություն է, իսկ քրդական իշխանությունները դեմ են այդ քայլերին՝ դրանք համարելով տարածաշրջանի սահմանադրական իրավունքների խախտում։
Թրամփի աջակցությունը վերաբերում է նաև բոլոր զինված խմբավորումների նկատմամբ պետական բացառիկ վերահսկողություն հաստատելու նպատակին։ Իրաքում այս հարցը հատկապես զգայուն է՝ հաշվի առնելով Իրանի հետ կապեր ունեցող զինված խմբավորումների ազդեցությունը։


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար