Էրդողանը հաստատել է Մեքքայի համաձայնագիրը Թուրքիայի, Պակիստանի և Սաուդյան Արաբիայի միջև
Աշխարհ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնապես հաստատել է Թուրքիայի, Պակիստանի և Սաուդյան Արաբիայի միջև Մեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը՝ ավարտելով Անկարայի ներպետական վավերացման գործընթացը։ Փաստաթուղթը նոյեմբերի 27-ին հրապարակվել է Թուրքիայի պաշտոնական տեղեկագրում։ Թուրքիայի խորհրդարանը համաձայնագրի վավերացմանը հավանություն էր տվել նոյեմբերի 5-ին, իսկ Պակիստանն ու Սաուդյան Արաբիան նույնպես արդեն ավարտել էին անհրաժեշտ ընթացակարգերը։
Համաձայնագրի առանցքային դրույթն այն է, որ երեք երկրներից որևէ մեկի դեմ արտաքին զինված հարձակումը դիտարկվելու է որպես հարձակում բոլոր երեքի դեմ։ Մասնակիցները պարտավորվում են փոխադարձ աջակցություն ցուցաբերել՝ հաշվի առնելով իրենց հնարավորություններն ու առկա միջոցները, այդ թվում՝ ռազմական օգնությունը։ Փաստաթուղթը նախատեսում է նաև հետախուզական տեղեկատվության փոխանակում, համատեղ զորավարժություններ, ռազմական տեխնիկայի արտադրություն, տեխնոլոգիաների փոխանակում և հակաահաբեկչական համագործակցություն։
Մեքքայի համաձայնագիրը ստորագրվել էր օգոստոսի 7-ին՝ Թուրքիայի նախագահ Էրդողանի, Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բեն Սալմանի և Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։ Այն ձևավորվել է Մերձավոր Արևելքում Իրանի շուրջ ռազմական լարվածության և տարածաշրջանային անվտանգության մտահոգությունների խորացման պայմաններում։
Համաձայնագրի հաստատումը համընկել է Իսլամաբադում Թուրքիայի, Պակիստանի և Սաուդյան Արաբիայի բարձրաստիճան ներկայացուցիչների երկօրյա հանդիպման հետ։ Քննարկումների օրակարգում են դաշինքի գործնականացման մեխանիզմները, ինչպես նաև Սաուդյան Արաբիայի հարավային սահմանների մոտ հութիների հարձակումների հարցը։


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար