Տասը միլիարդ մոմը կարողացանք կարճ ժամանակում վաճառել ժողովրդին...
Գիտություն և Մշակույթ«Մինիստր նշանակվելու հաջորդ օրն իսկ փառահեղ քեֆ արեցինք հանրապետության ամենամեծ արգելոց-անտառում...»:
Այսինքն` ժողովուրդն արդեն քարե դարում էր... Տասը միլիարդ մոմը կարողացանք կարճ ժամանակում վաճառել ժողովրդին... Լավ էլ մոմեր էին` ճթճթալով արագ վառվում էին`բիկֆորդյան լարի պես... Մոմ ծախելը դարձավ ամենաշահավետ գործը... Բայց հո ամեն մարդու չէինք թողնում... Այդ բիզնեսը մեր ձեռքը վերցրինք եւ մի քանի ամսում միլիոնների տեր դարձանք... Ի՜նչ տարիներ էին, ափսոս երկար չտեւեց...
Հիմա կասես, թե մոմերն ի՞նչ կապ ունեն ծառերի հետ... Էն կապն ունեն, որ գազն ու մազութն էլ էլեկտրականության պես ծախում էինք հարեւաններին եւ հայտարարում, թե անհայտ չարագործները պայթեցրել են գազատարը...
Հետո՞... Դու լավ գիտես, Տեր, թե ինչեր եղան հետո... Կենացները գնալով քաղցրանում էին... Եթե ճար լիներ օդն ու արեւի լույսն էլ կծախեինք հարեւան երկրներին, իսկ ժողովրդին կասեինք գնա գլխիդ ճարը տես... Մենք խիղճներս իսպառ կորցրել էինք, ասես մրցում էինք, թե ով ավելի ընչաքաղց կլինի, ով ավելի մեծ վատություն կանի իր հարազատ ժողովրդին... Եվ իմ ամեն մի ստորությունից հետո հերթական պարգեւն էի ստանում սատանայի առատության եղջյուրից...
Միայն Գերագույնի տեղը չնստեցի, մնացած բոլոր պաշտոններն անցան իմ թրի տակով... Եվ ինչպես Դոն Ժուանն իր կանանց էր փոխում, այնպես էլ ես էի անցնում մի պաշտոնից մյուսը... Ասես գանձ լինեի, որի նմանը դժվար էր գտնել... Մի պահ նույնիսկ այնպես եղավ, որ միաժամանակ հինգ պաշտոն գրավեցի... Ո՞վ է ասել, թե մի քամակով ընդամենը մի աթոռին կնստես... Ես իմ խղճուկ հետույքով միաժամանակ հինգ աթոռ էի զբաղեցնում, այն էլ ի՜նչ աթոռներ...
Փառահե՜ղ մի տուն շինեցի քաղաքի կենտրոնում... Հինգ հարկանի շքեղ մի առանձնատուն... Ամեն ինչը դրսից բերեցի` կահույքը, լոգանքի պարագաները, անգամ դռների բռնակները... Հատուկ պատվեր... Հսկա տարածություն էր... Բարձր պարիսպ քաշեցի, տանս կողքը մի հոյակապ եկեղեցի կանգնեցրի... Ուզում էի նույնիսկ սեփական կաթողիկոս դնել, բայց տղաներն ասացին, թե սխալ կհասկացվի, թե մենք աշխարհիկ պետություն ենք, եկեղեցին պիտի իշխանությունից առանձին լինի... Ասացի` առանձին է, էլի, իմ տնից քսան մետր հեռու... Վերջը վարդապետով բավարարվեցի... Շաբաթը մեկ գալիս` աղոթում էր մեր մեղքերի համար...
շարունակելի
Աղբյուրը` «Ազգ» օրաթերթ