Մարիամ ջան, աղջիկս, մի մտիր խնդրում եմ մեծերի անհասկանալի խաղերի մեջ. Արթուր Վանեցյան
ԲլոգոսֆերաԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը ինստագրամյան իր էջում գրում է՝
«Հարգելի լրագրողներ, խնդրում եմ, մի զանգեք ինձ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող լրատվամիջոցում հրապարակված անհեթեթ հոդվածը մեկնաբանելու խնդրանքով:
Տղամարդկային արժանապատվությունիցս ցածր է իջնել այդ մակարդակի: Ընտանիքն ինձ համար սրբություն է, իսկ այլոց վարկաբելու համար սեփական ընտանիքն օգտագործելու փորձերը` անընդունելի:
Հարկ եմ համարում ասել, որ նշված հրապարակման մեջ ինձ վերաբերող բոլոր դիտարկումներն ու ենթադրությունները ծայրից ծայր սուտ են, իսկ դրան հաջորդած շահարկումներն ու ֆեյքային հարձակումները՝ արդեն սովորական:
Այդ հրապարակման հեղինակն ու պատվիրատուն առաջին անգամ չէ, որ ինձ իր թաքուն վախերի հետ կապելով փորձում է վարկաբեկել, բայց այն, որ «պայքարը» կիջեցվեր այս մակարդակի, անպասելի էր անգամ ինձ համար:
Այս կեղծիքն անպատասխան չի մնալու, իսկ այդ «հրապարակմամբ» արդեն իսկ զբաղվում են իմ փաստաբանները:
Պատիվ ունեմ:
Հ.Գ. Մարիամ ջան, աղջիկս, մի մտիր խնդրում եմ մեծերի անհասկանալի խաղերի մեջ»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Մարիամ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր.
«Վանեցյանների հետ, բավականին կարճ ժամանակում հասցրեցինք ընկերանալ ու նույնիսկ հարևանություն անել:
Ես, Շուշանը ու Վանեցյանի որդիները ամեն օր կառավարական ամառանոցների խիստ մթնոլորտը կոտրում էինք մեր խաղերով, երեկոյան թեյով և ծիրան բերքահավաքով: Մեր շներին էինք միասին խնամում, ու վարժեցնում: Վանեցյանի կնոջ հետ էլ էինք շատ մտերմացել, երեկոներին հաճախ էինք հանդիպում և սուրճ խմում, թե մեր տանը թե իրենց:
Հաճախ, ընտանիքի ամբողջական կազմով էինք անցկացնում մեր երեկոները:
Մինչև հիմա էլ Վանեցյան որդիներին ջերմ եմ ընդունում, ու նույնիսկ կարոտում մեր երեկոյան հավաքույթները:
Բայց ցավալի է, որ այս ջերմությունը փոխադարձ չի եղել, և Վանեցյանի կողմից այսպիսի դավադրություններ են կազմակերպվել մեր ընտանիքի դեմ»: