Այրված տների բնակիչները գիշերել են հարազատների բնակարաններում. մանրամասներ
ՀասարակությունԻնչպես արդեն հայտնել էինք, երեկ ժամը 18:08-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Պտղունք գյուղի տներից մեկում հրդեհ էր բռնկվել։ Թեմայի շուրջ ԼՈՒՐԵՐ.com-ը կապ հաստատեց Պտղունք համայնքի ղեկավար Կարապետ Արթենյանի հետ. «14 տուն էր այրվել, որից 8-ը՝ ամբողջությամբ, 2-ը՝ մասնակի, և 4 տուն էլ հաջողվել է փրկել, բայց այդ 4 տան վրա էլ այնքան ջուր ենք լցրել, որ տանիքը փլուզվում է: Այդ տներում բնակվելը ֆիզիկապես անհնար է, ամեն պահի կարող է այն փլուզվել: Այրված տների բնակիչները տեղավորվել են իրենց հարազատների բնակարաններում, բոլորն էլ գիշերելու տեղ են ունեցել: Այսօր մարզպետարանից սննդամթերքի տեսքով օգնություն կբերեն, որը կբաժանվի բնակիչներին»,- նշեց Պտղունքի համայնքի ղեկավար Կարապետ Արթենյանը:
Համայնքի ղեկավարը նշեց, որ հանձնաժողով դեռ չեն ստեղծել. «Քանի որ հրդեհը համայնքապետարանին մոտ տարածքում էր եղել, համայնքապետարանում ներկա պահին հոսանք չկա, հոսանք լինելու դեպքում կզբաղվեմ հանձնաժողովի ստեղծմամբ, կգան,կգնահատեն վնասի չափը, և արդեն պարզ կլինի, թե որքան ժամանակում, կվերականգնվի այդ մարդկանց բնակարանները»,- պարզաբանեց նա:
Մեր այն հարցին, թե որքան ժամանակ են հրդեհից տուժած բնակիչները ապրելու իրենց հարազատների բնակարաններում, պատասխանեց. «Գյուղում ժամանակավոր կացարան չունենք, որ այրված տների բնակիչներին տանենք այնտեղ, բայց ունենք մի դպրոցի շենք, որը պետք է քանդվի և նորը կառուցվի, շենքը ներկա պահին դատարկ է, եթե հնարավորություն եղավ, մի քանի ընտանիքի հենց այդ դպրոցում կտեղավորենք»,- նշեց Կարապետ Արթենյանը:
Պտղունքի համայնքապետը նշեց, որ հրդեի բռնկման հստակ պատճառը դեռ չկա, իսկ վարկածները տարբեր են՝ մեկը ասում է՝ հոսանքից է, մյուսը՝ գազաբալոնից. «Հետաքննիչները հիմա այստեղ են, իրենք կպարզեն և կասեն իրական պատճառը»:
Զվարթ Պետրոսյան