Արցախը խստորեն պահպանում է հրադադարի ռեժիմը. ՊԲ-ն արձագանքում է Հադրութում մարտերի մասին լուրերին
ԱրցախԱրցախի պաշտպանության բանակի որևէ ստորաբաժանում, որևէ զինծառայող դեկտեմբերի 27-ի ողջ օրվա ընթացքում և դեկտեմբերի 28-ին որևէ գործողության չի մասնակցել, հայկական կողմից անգամ մեկ կրակոց չի արձակվել։ Այս մասին հայտարարում է Արցախի ՊՆ-ն՝ արձագանքելով ադրբեջանական կողմի ապատեղեկատվությանը, իբր նախօրեին «հայկական զինված խմբավորման» կողմից ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանման վրա իրականացված հարձակման մասին։ Այդ մասին քիչ առաջ հայտարարություն է տարածել նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։
«Ինչպես արդեն հայտարարել էինք ժամեր առաջ, վերահաստատում ենք, որ երեկ ողջ օրվա ընթացքում և մինչև այս պահը ԱՀ պաշտպանության բանակի որևէ ստորաբաժանում, որևէ զինծառայող որևէ գործողության չի մասնակցել, որևէ արտակարգ պատահար չի գրանցվել և հայկական կողմից անգամ մեկ կրակոց չի արձակվել։ Այս պարագայում, Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից տարածված հայտարարությունը այլ կերպ, քան քարոզչական սադրանք հնարավոր չէ որակել։
ԱՀ պաշտպանության բանակը շարունակում է խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը»,-նշում են Արցախի ՊՆ-ից։
Ադրբեջանական ԶԼՄ-ները դեկտեմբերի 27-ից հայտնում են Հադրութի Տող գյուղի մոտակայքում հայ և ադրբեջանցի զինվորականների միջև վերսկսված մարտերի մասին։ Հաղորդվում է նաև երկու կողմի զոհերի և վիրավորների մասին։ Տող գյուղը ադրբեջանական ԶՈՒ ամբողջական վերահսկողության ներքո է։