Չեխովի անվան դպրոցի տնօրենը շտեմարանների, ռուսերենով ուսուցման, իր շուրջ ստեղծված աղմուկի մասին
Հասարակություն
Lurer.com-ի զրուցակիցն է Երևանի Չեխովի անվան թիվ 55 դպրոցի տնօրեն Գայանե Սարուխանյանը:
Շատ են քննադատում շտեմարանները, Դուք՝ որպես դպրոցի տնօրեն, ի՞նչ թերություններ եք տեսնում դրանց մեջ, և արդյոք տեղի՞ն է քննադատությունը:
Առջևում ավարտական և միասնական քննություններն են: Ինչ խոսք, որ հարցաշարերի միջոցով գիտելիքի ստուգումն ավելի առաջադիմական է և համապատասխանում է համաշխարհային կրթական նորմերին: Ողջունելի է շտեմարանի գաղափարը. աշակերտը պետք է իմանա, թե ինչ գիտելիք և ինչ մակարդակ է պահանջում ԲՈւՀ-ը: Շտեմարանը դիմորդին օգնում է լավ և պատասխանատվությամբ նախապատրաստվելու քննություններին, գործնականում կիրառելու ստացած տեսական գիտելիքները, ինչու չէ, նաև խուսափելու տհաճ անակնկալներից և նյարդային ցնցումներից: Այնուամենայնիվ, եկեք խոսենք թերությունների մասին, որովհետև շտեմարանները և քննությունների կազմակերպումը դրանցով պիտի կատարելագործվեն:
Շտեմարանը պետք է լինի պետական կրթական չափորոշիչների և ծրագրերի հայելին: Եթե նախկինում առարկայական չափորոշիչ-պետական ծրագիր – դասագիրք – ավարտական հարցաշար շղթայում վերջին երկուսը, որ պիտի բխեին նախորդներից, համարյա անկախ էին մեր կրթական համակարգում, ապա այսօր վիճակը նկատելիորեն փոխվել է: Հիմա էլ, իհարկե, անհամապատասխանություն կա: ԳԹԿ-ի կողմից կազմված համարյա բոլոր շտեմարաններում հարցեր կան այն թեմաներից, որոնք հանված են դպրոցական ծրագրերից: Ի՞նչ նպատակով: Գնահատման և թեստավորման կենտրոնի մասնագետները դպրոցական ծրագրին ծանո՞թ չեն, թե՞ դա միտումնավոր է արվում… Քննական համակարգը միջնակարգ դպրոցի տրամաբանական շարունակությունը պետք է դառնա, ոչ թե դպրոցը լինի քննական հարցաշարերի գերին:
Մի կարևոր խնդիր ևս: Դպրոցական ծրագրով նախատեսված որոշ թեմաներին հատկացված սուղ ժամաքանակը հնարավորություն չի տալիս խորությամբ ուսումնասիրելու որոշ թեմաներ, աշակերտներին ծանոթացնելու բոլոր նրբություններին, մինչդեռ տվյալ բաժնին վերաբերող հարցերի ձևակերպումները շատ բարդ են, դժվարըմբռնելի: Հասկանալի է, որ հարցաշարերում պիտի լինեն նաև բարդ առաջադրանքներ, բայց ի վերջո գիտական տեղեկույթը պիտի փոխակերպվի կրթության մակարդակին և նպատակին համապատասխան ուսումնական նյութի: Հստակորեն պիտի սահմանվի հեշտ և բարդ հարցերի հարաբերակցությունը:
Շտեմարանում պետք է բացառվեն սխալներն ու վրիպակները, հարցերը ձևակերպվեն սեղմ, հստակ: Առաջադրանքները պետք է գիտելիք ստուգեն և ինքնանպատակ չլինեն: Եվ ցանկալի է, որ գերակշռի ճիշտ տեղեկույթը, մինչդեռ առաջադրանքների մեծ մասում պետք է գտնել ճիշտ պատասխանը, այսինքն՝ չորս ձևակերպումներից երեքը սխալ են: Ստացվում է, որ մենք աշակերտի սեղանին ենք դնում մեծ քանակությամբ սխալ տեղեկություններ, ինչը խաթարում է նրա գիտելիքի որակը (աշակերտն ստիպված է լինում կարդալ սխալ սահմանումներ, սխալ պատասխաններ, բանաձևեր): Դպրոցի ոչ մի դասագրքի մեջ սխալ տեղեկույթ չկա, իսկ շտեմարանը, որը պետք է ծառայի գիտելիքների համակարգմանը, հիմնականում լի է սխալ պատասխաններով:
Լուրջ մտահոգության տեղիք է տալիս նաև այն, որ շտեմարանները բազմահատոր են, լույս են տեսնում նախատեսված ժամանակից ուշ և բավական թանկ են՝ յուրաքանչյուր հատորը 2500-3000 դրամ: Ուսումնական տարվա սկզբին պիտի ճշգրտվի, թե քանի հատոր պետք է լույս տեսնի և երբ, որպեսզի աշակերտն էլ խուճապի չմատնվի և հասցնի ծանոթանալ բոլորի բովանդակությանը:
Վերջապես շտեմարանները պետք է այնպես կազմել, որ ստուգվեն աշակերտի գիտելիքները տվյալ առարկայից, ոչ թե կրկնուսույցի մասնագիտական մակարդակը: Ցավալի է այս մասին խոսելը, բայց շտեմարանն էլ առայժմ չի օգնում՝ վերացնելու կրկուսուցման անհրաժեշտությունը: Ուրեմն քննական համակարգի և շտեմարանների կատարելագործման երկար ճանապարհ ունենք անցնելու:
-Դպրոցում կա՞ն ռուսերենով ուսուցմամբ դասարաններ:
-Որևէ մեկը հարց չի տալիս՝ ինչ է ուսուցանվում ռուսերենով՝ ազգային ծրագի՞րը՝ թարգմանված ռուսերեն, թե՞ Ռուսաստանի Դաշնության կրթական ծրագիրն ամբողջությամբ: Արդյունքում ո՞ր լեզվով, ո՞ր առարկաներից և ի՞նչ ծրագրի շրջանակներում են քննություններ հանձնում հիմնական ու ավագ դպրոցների շրջանավարտները: Մինչև օրս այս դասարանների համար չկան ոչ միայն ԿԳ նախարարության կողմից հաստատված ծրագիր, այլև դասագրքերի ու մեթոդական ձեռնարկների ցանկ, բայց կա առանձին ուսումնական պլան, որտեղ անհասկանալի է, թե ինչ սկզբունքով են ընտրված առարկաները, նրանց հատկացված ժամաքանակը, և ինչու են ուսումնական պլանից բացակայում ռուսական դասարանների համար շատ կարևոր առանձին առարկաներ:
Կրթությունն սկսում ենք ռուսերենով, Ռուսաստանի Դաշնության ծրագրով ու դասագրքերով, ընթացքում հնարավորինս սահուն շեղվում ենք դեպի հայկական ծրագրեր ու դասագրքեր այն դեպքում, երբ ռուսերենով ուսուցմամբ դասարաններում մեծ մասամբ սովորում են օտարերկրյա քաղաքացիներ, որոնցից շատերը չեն տիրապետում հայերենին: Դպրոցն ավարտելիս նրանք բոլորը հանձնում են քննություններ հայկական դասարանի ծրագրի շրջանակներում: Քննական տարբերակներն էլ ստանում ենք միայն հայկական դասարանների համար և հայերենով: Մասնագետներին այլ բան չի մնում, քան «ոտքի վրա» հայերենից ռուսերեն թարգմանել հարցաշարերը և օտարերկրյա քաղաքացիներին մատուցել: Արդյունքում բոլոր շրջանավարտներին՝ թե՛ հայկական, և թե՛ ռուսերենով ուսուցմամբ դասարաններն ավարտողներին, տրվում է միևնույն նմուշի վկայական կամ ատեստատ:
Չմոռանամ ավելացնել նաև, որ մեր պետությունը, որը բոլոր առաջին դասարանցիներին անվճար տրամադրում է բոլոր դասագրքերը, ռուսերենով ուսուցմամբ դասարաններին այս պարագայում էլ է մոռանում, և ռուսական դասարաններ ընդունված առաջին դասարանցիներն իրենց ուսումնառությունը սկսում են հին, արդեն օգտագործված, անհրապույր, այստեղից-այնտեղից ձեռք բերված դասագրքերով:
-Օրերս մամուլում տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ Ձեր դպրոցում ծեծի է ենթարկվել աշակերտուհի Լիդյայի մայրը՝ Նատալյա Սարգսյանը: Ինչքանո՞վ է այդ տեղեկատվությունը համապատասխանում իրականությանը:
Ես չեմ հիշում որևէ դեպք, որ Հայաստանի դպրոցներից որևէ մեկում մանկավարժը, առավել ևս՝ տնօրենը, ծնող ծեծի: Մի՞թե արդեն իսկ ձևակերպումը չի գալիս ասելու, որ սա հնարովի, միտումնավոր հիստերիա է, որի այսքան բուռն տարածումը պարզապես անբնական է:
-Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ են նման լուրեր տարածվել:
Ես վստահ եմ, որ սա ինչ-որ շփոթված, նեղացած կամ չհարմարված մարդկանց (որոնցից, ցավոք սրտի, զերծ չէ նաև իմ շրջապատը) համատեղ ջանքն է ու «ոգևորությունը»՝ իմ շուրջը հերթական անգամ աղմուկ ստեղծելու, դպրոցի կատարած լուրջ աշխատանքի վրա ստվեր գցելու անազնիվ վարքագիծ:
Ինձ ուրիշ բան է մտահոգում: Առողջ հասարակությունն իր ներսում շատ արագ է պարպում ցածրակարգ երևույթներն ու դիմակայում դրանց, դիմակայում՝ պարզապես նաև հարկ չհամարելով արձագանքել կամ գնահատական տալ: Նրա ներսում հիվանդագին երևույթները տարածում չեն գտնում ու չեն արժանանում ուշադրության առհասարակ: Ես զարմանում եմ՝ ինչ աստիճան է մեզ մոտ հասարակական կարծիքն անպատրաստ՝ տարբերելու կեղծիքն իրականությունից: Միգուցե պարզապես ստորությունն ու բամբասանքն են շատ մեծ պահանջարկ վայելում, ու ինչի հետևանք է դա: Սրանք շատ անառողջ ազդակներ են և ինձ ավելի շատ են մտահոգում, քան ինչ-որ անզուսպ մարդկանց տարածած լուրերն ու դրանց անհավասարակշիռ մեկնաբանությունները:
Առհասարակ հիվանդագին երևույթներին չափից դուրս լուրջ վերաբերվելն առողջ հասարակության իմունիտետի անկման տագնապի ազդանշան է:
-Դուք ամենօրյա շփումների մեջ եք տարբեր դաստիարակության, և տարբեր վարքագծով երեխաների հետ, ըստ Ձեզ ինչպիսի՞ն է նոր սերունդը :
Ամեն սերունդ իր ժամանակի ռիթմն է իր մեջ կրում, դառնում իր քաղաքակրթության «drive»-ը:
Ազատության, տեմպի ու շարժման, բազում հետաքրքրություններով ու ձգտումներով այս սերունդը շատ լուրջ խնդիր է ցավոք սրտի, վերջին տարիների ընթացքում դանդաղ զարգացող մանկավարժության ու հոգեբանության համար: Նրանց հետևից հասնելը դժվար է, բայց շատ հետաքրքիր է նրանց հետ աշխատելը:
Լուրջ միջոցներ պետք է ծախսվեն նոր սերունդը կրթող մանկավարժներին կատարելագործելու, կրթելու, նրանց ժամանակի պահանջներին համապատասխան զինելու համար:
Ժամանակակից մանկավարժը պետք է տիրապետի տեխնիկայի նորություններին, իմանա լեզուներ, շատ կարդա մասնագիտական գրականություն, ամենօրյա լուրջ աշխատանք տանի իր կատարելագործման ուղղությամբ, որ հետաքրքիր լինի, գոհացնի, չհիասթափեցնի նոր քաղաքակրթության ծնունդներին: Աշակերտների կրթության, սովորելու համար գրավիչ ու հետաքրքիր պայմաններ է պետք ստեղծել, այլապես խստությունը, պահանջկոտությունը չեն կարող կառավարելի պահել ժամանակակից, ազատ ծնված, ազատ մտածող, գաղափարական ճաղավանդակներով չսահմանափակված, նոր սերնդի աշակերտներին: Հակառակ դեպքում շատերի՝ հատկապես լավագույնների համար, հայաստանյան կրթական տարածքները կդառնան անհետաքրքիր ու անհրապույր, իսկ տեղական նշանակության կրթական ծրագրերը՝ ոչ կենսունակ, և նրանք իրենց կրթական պահանջմունքները կբավարարեն Հայաստանից դուրս:
-Ի՞նչ հակումներ, ի՞նչ հետաքրքրություններ այսօր ունեն աշակերտները:
Անսպառ է նրանց հակումը՝ լեզուներ սովորելու հարցում, մինչդեռ նույն հարցում շատ թույլ է հանրակրթության վերաբերմունքը:
Տարօրինակ կերպով որքան մեծ է թե՛ նոր սերնդի, թե՛ նրանց ծնողների՝ լեզուներ սովորելու, անգամ տարածում չունեցող լեզուներ ուսումնասիրելու ձգտումը, այնքան հին է հանրակրթության մոտեցումը լեզուներ ուսուցանելու արդյունավետ ու ժամանակակից մեթոդներ կիրառելու հարցում. հին են ծրագրերը, աղքատիկ ու ոչ գրավիչ դասագրքերը, չկան այլընտրանքային ծրագրեր այն դեպքում, երբ ամբողջ աշխարհում կրթության առաջնահերթ խնդիրներից ամենակարևորը լեզուների ուսուցանումն է:
Ակնհայտ է նոր սերնդի հետաքրքրությունը նոր տեխնոլոգիաների հանդեպ: Ամենաբարդ տեխնիկան նրանց ձեռքերում կառավարելի է. տպավորությունն այնպիսին է, որ նրանք ծնվել են աներևույթ միաժանիներով (штекер) ու ինչ-որ կապով միացած են նոր քաղաքակրթության ազդանշաններին:
Տա Աստված, որ այս սերունդը դառնա մարդկության ամենամեծ ձեռքբերումը, մարդկային մեծագույն որակների՝ բարության, մարդասիրության, գթասրտության կրողն ու դրանց համար պայքարողը, դառնա ամենաներդաշնակ ու խաղաղ սերունդը մարդկության պատմության մեջ:
Նելլի Ավետիսյան


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան