«Լևոն Խեչոյանի հոգեհացի ժամանակ բացառիկ մի բան տեղի ունեցավ»
Բլոգոսֆերա
Մնացական Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Լևոն, բարով կմնաս մեր կողքին, մեր մեջ:
Լևոն Խեչոյանի մարմինը հանձնեցինք հողին: Հոգեհացի ժամանակ բացառիկ մի բան տեղի ունեցավ. ոչ մեկը նման բան չէր տեսել: Հայոց ավանդությամբ լռությամբ պիտի անցնի հոգեհացի ճաշկերույթը, նույնիսկ բաժակների շխկոցի ձայնը չպիտի լսվի: Մասնակիցներից մեկը ցանկացավ կարդալ Լևոն Խեչոյանի «Մհերի դռան գրքից» մի փոքրիկ հատված: Ընթերցումն ավարտվեց, մի պահ ինքնասույզ լռություն իջավ և ապա ծափահարություններ պայթեցին: Սա եզակի բան էր: Եվ հետո շարունակվեցին բաժակաճառեր հնչել' գեղեցկախոսության փայլատակումներով: Այդ պահին մտածում էի` Լևոնի կենդանության ժամանակ կային մարդիկ որ ասում էին' Լևոնի խոսքը բարդ է, շատերին անհասկանալի: Իսկ հիմա ինչու այսքան հասկանալի դարձավ: Մեր ողջ պատմության, Մհերի դռան խորհուրդը, որը չէին ըմբռնել ոչ իմաստուն քուրմերը, ոչ մեր զորավոր առաջնորդները, միանգամից հասկանալի դարձավ: Ինչու մահից հետո է մարդը հասկանալի դառնում. երևի այլևս նրան չեն նախանձում, երևի մահը կյանքի ուսուցիչն է : Երևի հիմա հասկացանք, որ Լևոնի գիրը հոգուց ու մարմնից փերթ-փերթ պոկված հյուլեներ են, որոնք դուրս են գալիս և անէանում մեր մեջ: Գուցե դա է պատճառը, որ մեկ հաղորդմամբ չենք հաղորդակցվի նրա հետ, մեկ ընթերցումով չենք ընկալի նրան: Կրկին ու նորեն ընթերցելուց հետո ենք ըմբոշխնում, հասկանում խորագնա մտքերի ողջ իմաստը, հայտնագործման սքանչելի բերկրանքը: Գուցե հիմա միայն հասկացանք, որ Լևոնի խոսքը շուտասելուկ չէ, նրա գիրքը, գրքի գիրը արարված չէ ժամանցային ընթերցանության համար: Բացառիկ են մարգարիտները, քանզի դրանք թափված են ոչ թե ծովափի մակերեսին , ավազների վրա, այլ ծովի խորքում: Մարգարիտ որոնողներն ու գտնողներն էլ երկար կյանք չեն ունենում:
Մենք նրան չենք ասում' բարով գնաս, ասում ենք' Լևոն, միշտ բարով մնաս մեր կողքին, մեր մեջ»:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ