Ուկրաինական ճգնաժամն ազդել է աշխարհում պարենամթերքի գների աճի վրա. ՄԱԿ
Աշխարհ
2014 թվականի փետրվարին պարենային ապրանքների գների ինդեքսն ամենակտրուկ աճն է արձանագրել 2012 թվականի կեսերից ի վեր: Այդ մասին ասված է ՄԱԿ-ի Պարենավորման և գյուղատնտեսական կազմակերպության պաշտոնական հաղորդագրության մեջ: Աճը տեղի է ունեցել թե′ եղանակային գործոնների, թե′ բարձր պահանջարկի ազդեցությամբ, սակայն իրենց դերն են խաղացել նաև Ուկրաինայի իրադարձությունները, նշվում է կազմակերպության նյութերում: Այս մասին հայտնում է itar-tass-ը:
«Գները բարձրացել են եգիպտացորենի և ցորենի թանկացման վերաբերյալ նորությունների ֆոնի վրա՝ ի պատասխան Ուկրաինայի վերջին իրադարձությունների, թեև փետրվարին գրանցված աճը չի կարելի ամբողջովին վերագրել այդ իրադարձություններին»,-ասված է հաղորդագրության մեջ:
Հացահատիկի գների FAO-ի ինդեքսը 2014 թվականի փետրվարին կազմել է 195,8 կետ, ինչը 6,8 կետով կամ 3,6 տոկոսով բարձր է դրա հունվարյան արժեքից: Դրա վրա ազդել են նաև ԱՄՆ-ում ցորենի բերքի հետ կապված մտահոգությունները, կերային հացահատիկի աշխույժ պահանջարկը և բրնձի ճապոնական տեսակների բարձր գները:
2014 թվականի հունվարից առավել նկատելիորեն բարձրացել են նաև շաքարի (6,2 տոկոս), բուսական յուղի (4,9 տոկոս) և կաթնամթերքի (2,9 տոկոս) գները:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու