Ուկրաինայի ռազմածովային ուժերի հրամանատար Սերգեյ Գայդուկն ազատ է արձակվել Ղրիմում
Աշխարհ
Ուկրաինայի ռազմածովային ուժերի հրամանատար Սերգեյ Գայդուկը և Կիևի նոր իշխանությունների կողմնակիցների թվից ևս յոթ ակտիվիստներ ազատ են արձակվել Ղրիմում: Այդ մասին մարտի 20-ին հաղորդել է «Ղրիմինֆորմը»՝ հղում անելով Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Անդրեյ Սենչենկոյին:
Նրա խոսքով՝ «ազատումը տեղի է ունեցել մարտի 20-ի առավոտյան Չոնգար ավանի շրջանում»:
Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունում հայտնել էին, որ գերատեսչության ղեկավար Սերգեյ Շոյգուն կոչ է արել Ղրիմի ղեկավարությանը ազատ արձակել Գայդուկին:
«Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն դիմել է Ղրիմի Հանրապետության ղեկավարությանը՝ խնդրելով ազատ արձակել մարտի 19-ին ձերբակալված Ուկրաինայի ռազմածովային ուժերի հրամանատար դերծովակալ Սերգեյ Գայդուկին և չխոչընդոտել Ուկրաինայի տարածք նրա մեկնելուն»,-ասված է նախօրյակին տարածված հաղորդագրության մեջ:
Շոյգուն հայտարարել է, թե Գայդուկը հարկադրված էր կատարել իր ղեկավարության հրամանները՝ ենթարկվելով Ուկրաինայի զինված ուժերի կանոններին:
Գայդուկը ձերբակալվել է այն բանից հետո, երբ լքել է Սևաստոպոլում Ուկրաինայի ռազմածովային ուժերի շտաբը, որը մարտի 19-ին գրավվել էր ռուսամետ ցուցարարների ու ինքնապաշտպանության ուժերի կողմից: Գայդուկի հետ միասին շտաբը լքել էին նաև ուկրաինացի այլ սպաներ:
Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար, Գերագույն ռադայի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովը մարտի 19-ին Ղրիմի իշխանություններին մինչև ժամը 23:00-ն ժամանակ էր տվել Գայդուկին ազատ արձակելու համար՝ խոստանալով, հակառակ դեպքում, ձեռնարկել «ադեկվատ միջոցներ», այդ թվում՝ «տեխնիկական ու տեխնոլոգիական բնույթի»,-հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու