Իրանի ներկայացուցիչը ՄԱԿ-ում Իսրայելին մեղադրել է իսլամատյացության մեջ
Աշխարհ
ՄԱԿ-ին առընթեր Իրանի մշտական ներկայացուցչության առաջին քարտուղար Ջավադ Սաֆաեին, Նյու Յորքում ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընդհանուր քաղաքական բանավեճի ընթացքում, Իսրայելին մեղադրել է իսլամատյացության, ինչպես նաև զանգվածային բնաջնջման զենքի, այդ թվում՝ միջուկային զենքի արտադրության և այն պահելու մեջ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Պատասխանելով ՄԱԿ-ի ԳԱ-ի ամբիոնից Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ելույթին՝ Սաֆաեին ասել է. «Հռետորը փորձեց ձեռքերը լվանալ Գազայի սպանդի արդյունքում վերջերս սպանված մարդկանց արյան մեջ, որը կատարվեց ամբողջ աշխարհի աչքի առաջ: Նա շտապել է ԳԱ, որպեսզի նոր պատերազմի կոչ անի ամբողջ իսլամական աշխարհի և իսլամական քաղաքակրթության դեմ՝ առանց որևէ հիմքի նրանց կապելով «Իսլամական պետություն» խմբավորման հետ և քարոզելով իրանատյացություն և իսլամատյացություն»:
Իրանի ներկայացուցիչը նշել է, որ Իսրայելը, «վերջերս ներխուժելով Գազա, խախտել է միջազգային բոլոր նորմերն ու օրենքները, ինչը հանգեցրել է ավելի քան երկու հազար խաղաղ բնակիչների, այդ թվում՝ կանանց, երեխաների ու ծերերի զոհվելուն»: Նրա խոսքով՝ «ավելի քան կես միլիոն մարդ անօթևան է մնացել»:
Նաթանյահուն, ելույթ ունենալով ՄԱԿ-ի ԳԱ-ի ընդհանուր քաղաքական բանավեճի ընթացքում, հայտարարել էր, թե Իրանը տարածաշրջանի խաղաղության ու անվտանգության համար ավելի մեծ սպառնալիք է ներկայացնում, քան «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը