Ճապոնիան լրացուցիչ 22 մլն դոլար կհատկացնի Էբոլայի դեմ պայքարին
Աշխարհ
Ճապոնիան լրացուցիչ 22 մլն դոլար կհատկացնի Էբոլա տենդի դեմ պայքարին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նման որոշում է ընդունվել երկրի նախարարների կաբինետի հոկտեմբերի 3-ի նիստում:
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն, սեպտեմբերի վերջին ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում, հայտարարել էր այդ նպատակով 40 մլն դոլար տրամադրելու մասին: Օգնությունը կուղարկվի և կբաշխվի Առողջապահության համաշխարհային կազմակերպության կապուղիներով:
Այդպիսով, այդ մահացու հիվանդության դեմ պայքարում Ճապոնիայի կողմից տրամադրվող անհատույց շտապ օգնության ծավալը կկազմի 62 մլն դոլար:
Էբոլա վիրուսը շարունակում է սրընթաց տարածվել Արևմտյան Աֆրիկայում, վարակման դեպքեր են գրանցվել արդեն Լիբերիայում, Սիեռա Լեոնեում, Գվինեայում, Նիգերիայում, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում և Սենեգալում: Տենդից մահացությունը կազմում է 53 տոկոս: Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնել է, որ Էբոլա վիրուսի զոհերի թիվը հասել է 3338-ի: Կազմակերպության տվյալներով՝ ընդամենն Արևմտյան Աֆրիկայում գրանցվել է վիրուսով վարակվելու 7 հազար 158 դեպք: «Փրկեք երեխաներին» ավստրիական բարեգործական հիմնադրամի տվյա լներով՝ ամեն ժամ Էբոլա մահացու վիրուսով հինգ մարդ է վարակվում Սիեռա Լեոնեում:
Վիրուսի դեմ արդյունավետ պատվաստանյութ առայժմ գոյություն չունի, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել