ԵՄ-ն նախարարների արտակարգ հանդիպում կանցկացնի Էբոլա վիրուսի դեմ պայքարի հարցերի շուրջ
Աշխարհ
Եվրամիության անդամ 28 երկրների առողջապահության նախարարները հոկտեմբերի 16-ին Բրյուսելում արտակարգ հանդիպում կանցկացնեն Էբոլա վիրուսի տարածման դեմ պայքարի հարցերի շուրջ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԵՄ-ի Խորհրդի մամուլի ծառայությանը:
Սպասվում է, որ Մինսկում կարծարծվեն, մասնավորապես, ԵՄ-ի երկրներ մահացու վտանգավոր վիրուսի ներթափանցման ռիսկի նվազեցմանն ուղղված հնարավոր միջոցառումները, այդ թվում՝ Աֆրիկայի երկրներից ժամանող ուղևորների նկատմամբ հսկողությունը խստացնելու ճանապարհով:
Եվրամիությունում բացահայտվել է Էբոլա վիրուսով վարակվելու ութ դեպք: Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Ֆրեդերիկ Վինսենի խոսքով՝ «հիվանդանալու բոլոր դեպքերը կապված են Աֆրիկայի վարակված տարածաշրջաններից վերադարձած անձանց հետ»: Նա ընդգծել է, որ Եվրոպայում «պահպանվում են այդ հիվանդության հետ կապված խիստ ընթացակարգերը, և հիվանդության տարածման կամ համաճարակի սկսվելու ոչ մի վտանգ չկա»:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ Արևմտյան Աֆրիկայի երկրներում Էբոլա վիրուսի զոհերի թիվը գերազանցել է 4 հազարը: Մահվան դեպքերի մեծ մասը բաժին է ընկնում երեք երկրի՝ Գվինեային, Լիբերիային և Սիեռա Լեոնեին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը