Թբիլիսին Մոսկվային նախազգուշացրել է ռուս-աբխազական համատեղ զորք ստեղծելու կապակցությամբ
Աշխարհ
Համատեղ զորք ստեղծելու վերաբերյալ Ռուսաստանի և Աբխազիայի միջև պայմանագրի ստորագրումը լուրջ սպառնալիք կստեղծի վրաց-ռուսական հարաբերությունների նորմալացման գործընթացի համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է Վրաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ, որը տարածվել է հոկտեմբերի 15-ին:
Ինչպես ավելի վաղ հաղորդել են ռուսական մի շարք ԶԼՄ-ներ, Աբխազիայի խորհրդարան է մտցվել ՌԴ-ում պատրաստված «Համագործակցության և ինտեգրացման մասին» պայմանագիրը, որը համատեղ բանակի փաստական ստեղծում է նախատեսում: Մասնավորապես, պայմանագրի հինգերորդ հոդվածով ենթադրվում է «ՌԴ-ի և Աբխազիայի զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծում ագրեսիան դիմագրավելու համար»:
«Ցավոք, վերը նշված տեղեկատվությունը և այսպես կոչված համաձայնագրի նախագծի տեքստը մատնանշում են, որ Ռուսաստանը դեռևս շարունակում է կոպտորեն խախտել միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները և անտեսել ստանձնած պարտավորությունները… Այսպես կոչված պայմանագրի ստորագրումը և դրա իրագործումը լուրջ սպառնալիք կստեղծի վրաց-ռուսական հարաբերությունների նորմալացման գործընթացի համար, զգալիորեն կվնասի Ժնևի միջազգային բանակցություններին, որոնք առանձնակի կարևորություն ունեն»,-ասված է ԱԳ նախարարության հայտարարության մեջ:
Այդ կապակցությամբ Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը դիմում է միջազգային հանրակցությանը, որպեսզի նա առանձնակի ուշադրությամբ վերաբերվի վերը նշված հարցին և «Ռուսաստանի մտադրությանը, որի իրականացումը որակապես կփոխի տարածաշրջանի իրադրությունը և, ամբողջությամբ ստեղծված, լրացուցիչ խնդիրներ կստեղծի եվրոպական անվտանգության համար»,-հաղորդել է «Նովոստի Գրուզիա» գործակալությունը:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը