«ՌԴ-ի տնտեսությունը պատրաստ է դիմակայելու նավթի գնի նույնիսկ «աղետալի» անկմանը». Պուտին
Աշխարհ
Ռուսաստանի տնտեսությունը պատրաստ է դիմակայել ճգնաժամի նոր ալիքին, իսկ ՌԴ-ի կառավարությունն ամենատարբեր սցենարներն է մշակում, այդ թվում՝ նավթի գնի ամենազգալի անկման հաշվառմամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Այո, պատրաստ է,-ասել է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին:-Մենք մտածում ենք բոլոր սցենարների մասին, այդ թվում՝ նաեւ Էներգակիրների գների այսպես կոչված աղետալի նվազման մասին, ինչը միանգամայն հնարավոր է, մենք դա հնարավոր ենք համարում: Եվ Էկոնոմիկայի նախարարությունը, ֆինանսների նախարարությունը եւ ամբողջ կառավարությունը տնտեսության զարգացումը պլանավորում են ըստ այդ սցենարներից յուրաքանչյուրի»:
Պուտինը նշել է, որ ճգնաժամերի ընթացքում գլոբալ տնտեսական դիսբալանսները միայն ուժեղանում են, եւ դա առաջին հերթին բացասաբար է ազդում զարգացող տնտեսությունների վրա:
Սակայն Ռուսաստանի դրությունը կուտակված պահուստների հաշվին փոքր-ինչ ավելի շահեկան է, քան նման պաշարներ չունեցող մյուս երկրներինը, ասել է նա:
«Մենք շատ խնամքով ենք վերաբերվել մեր պահուստներին. թե ոսկեարժութային պահուստներին, թե կառավարության պահուստներին: Մեր ունեցած պահուստները բավականին մեծ են, եւ դա մեզ թույլ է տալիս վստահ լինել այն բանում, որ մենք իսկապես լիովին կկատարենք մեր ստանձնած սոցիալական պարտավորությունները եւ բոլոր բյուջետային գործընթացներն ու ամբողջ տնտեսությունը կպահենք նախանշված շրջանակներում»,-հավաստիացրել է Պուտինը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ