ԱՄՆ-ն և Թուրքիան կքննարկեն ԻՊ-ի դեմ պայքարի համատեղ ջանքերը
Աշխարհ
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարող միջազգային կոալիցիայում ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ջոն Ալենը կմեկնի Անկարա, որտեղ Թուրքիայի իշխանությունների հետ կքննարկի խմբավորման դեմ պայքարին ուղղված համատեղ քայլերը: Այդ մասին հայտնել է ՌԻԱ «Նովոստին»`վկայակոչելով ԱՄՆ պետդեպի ներկայացուցիչ Ջեֆ Ռատկեին:
«Ջոն Ալենը մեկնել է Անկարա, որտեղ կհանդիպի թուրքական կառավարության հետ և կքննարկի միջազգային կոալիցիայի ջանքերը՝ «Իսլամական պետությանը» դիմակայելու հարցում»,- ասել է Ռատկեն:
Թուրքական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Անկարայում անցյալ շաբաթ ավարտվել է սիրիական ընդդիմադիր Ազատ բանակի մարտիկներին պատրաստելու մասին բանակցությունները:
Լրագրողների տվյալներով՝ խոսքը Քըրշեհիր նահանգում 2000 զինվորի վերապատրաստման մասին է: Զենք-զինամթերքի մեծ մասը տրամադրել է ԱՄՆ-ն, որը նաև հոգում է նրանց կրթության ծախսերն ու իր ռազմական խորհրդականներին ուղարկում է զինյալներին պատրաստելու:
«Տարածաշրջանում մեր գործընկերները՝ հատկապես Սաուդյան Արաբիան և Թուրքիան, օգնություն են առաջարկել սիրիական ընդդիմությանն աջակցելու հարցում: Ենթակառուցվածքներ ստեղծելու համար ժամանակ կպահանջվի, սակայն ավելի մանրամասն կարող եք տեղեկանալ պաշտպանության նախարարությունից»,- ասել է Ռատկեն:
Նրա խոսքով՝ Անկարա այցից հետո Ալենը կլինի նաև Բրյուսելում ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարանում, որտեղ կխոսի կոալիցիայի գործողությունների մասին:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու