Ֆրանսիայի նախագահը ներողություն է խնդրել 1944 թվականին սենեգալցիների մահապատժի համար
Աշխարհ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ներողություն է խնդրել այն 35 սենեգալցի զինվորների գնդակահարման համար, որոնք Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ծառայել են ֆրանսիական բանակում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Սենեգալի, որն այն տարիներին Ֆրանսիայի գաղութն էր, բնակչությունից կազմավորվում էին հետևակային զորամասեր՝ սենեգալցի հրաձիգների գումարտակներ, որոնք մտնում էին ֆրանսիական բանակի կազմի մեջ և եվրոպացիների հետ մեկտեղ մարտնչում էին Առանցքի երկրների զորքերի դեմ:
1944 թվականի աշնանը Դակարի արվարձանում տեղաբաշխված մի խումբ սենեգալցի զինվորականներ բողոք են հայտնել ծառայության վատ պայմանների և ռոճիկ չվճարելու դեմ:
Ֆրանսիական հրամանատարությունը դրա համար նրանց մեղադրել է խռովության մեջ: 1944 թվականի դեկտեմբերի լույս 1-ի գիշերը բողոքավորների խումբը գնդակահարվել է:
Շառլ դը Գոլի ժամանակավոր կառավարությունը ջանացել է կոծկել այս պատմությունը՝ փոխհատուցում վճարելով գնդակահարված զինվորների ընտանիքներին, բայց Սենեգալին պաշտոնական ներողություն Փարիզը մինչ օրս չէր հայտնել:
«Ես ցանկանում եմ վերականգնել արդարությունը և տուրք մատուցել նրանց հիշատակին, ովքեր կրել են ֆրանսիական համազգեստ, բայց այնպես է պատահել, որ Ֆրանսիան նրանց դեմ է ուղղել իր զենքը»,- նոյեմբերի 30-ին ասել է Ֆրանսուա Օլանդը Դակարում զինվորական գերեզմանոց այցելության ժամանակ:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել