Թուրքիայում անցնում են արաբական այբուբենի ուսուցմանը
Աշխարհ
Թուրքիայի նախագահ Ռեեջփ Թայիփ Էրդողանը երկրի Կրոնական խորհրդի 5-րդ նիստում ունեցած ելույթում հայտարարել է, որ «ուզեն, թե չուզեն, օսմաներեն կարդալու համար Թուրքիայում բոլորը պետք է սովորեն արաբական այբուբենը»:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով CNNTurk հեռուստաալիքը, Թուրքիայի դպրոցներում օսմաներենը և կրոնական դասաժամերը պարտադիր ուսուցման առարկաներ դարձնելու մասին նախկինում տված հանձնարարությունից հետո Էրդողանի այդ հայտարարությունը լուրջ քննարկումների պատճառ է դարձել Թուրքիայում:
Բազմաթիվ մտավորականներ հայտարարել են, որ դպրոցներում կրոնի, օսմաներենի և այժմ էլ արաբերենի այբուբենը պարտադիր ուսուցման առարկա դարձնելու որոշումը Թուրքիան ամբողջությամբ իսլամացնելու ուղղությամբ Էրդողանի քայլերից է: Թուրք մտավորականների մեծ մասը գտնում է, որ կրոնի, օսմաներենի և արաբերեն այբուբենի դասաժամերը դպրոցներում չպետք է լինեն, և դրանք պետք է դասավանդվեն միայն մասնագետների համար:
Ավելի վաղ Էրդողանը հանձնարարել էր Թուրքիայում մեծացնել կրոնական վարժարանների թիվը: Էրդողանը կրոնական վարժարանի շրջանավարտ է:
Թուրքիայի խորհրդարանում 36 պատգամվորական աթոռներ ունեցող քրդական «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» համանախագահ Սալահեթդին Դեմիրթաշն այդ առնչությամբ հայտարարել է, որ «եթե ամբողջ թուրքական բանակն էլ գա, իմ դստերը չեն կարող ստիպել մասնակցել օսմաներենի ուսուցման դասաժամերին»:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու