Նյու Յորքում հաքերների սպառնալիքների պատճառով չեղյալ է հայտարարվել Կիմ Չեն Ընի սպանության մասին ֆիլմի պրեմիերան
Աշխարհ
Նյու Յորքում «Հարցազրույց» ֆիլմի պաշտոնական պրեմիերան չեղյալ է հայտարարվել անանուն հաքերների կողմից ահաբեկչական գործողությունների սպառնալիքների պատճառով, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Variety հանդեսին:
Հրատարակության տվյալներով՝ Արևելյան ափին կինոժապավենի առաջին ցուցադրությունը պլանավորված էր դեկտեմբերի 18-ին, բայց չեղյալ է հայտարարվել անվտանգության նկատառումներով:
Ավելի վաղ անանուն հաքերները Միացյալ Նահանգների Sony Pictures ընկերությանն ուղարկած նամակներում ահաբեկչական գործողություններով են սպառնացել «Հարցազրույց» ֆիլմի ցուցադրությունների ժամանակ: Variery-ին մեջբերում է կատարել կիբեռհանցագործների ուղերձից, որոնք, մասնավորապես, Սեթ Ռոգենի ֆիլմը դիտել ցանկացողներին նախազգուշացրել են, թե նրանց «դառը ճակատագիր» է սպասում: «Հիշեք 2001 թվականի սեպտեմբերի 11-ը»,- ասված է ուղերձում:
«Մենք խորհուրդ ենք տալիս հեռու մնալ այն կինոթատրոններից, որտեղ կցուցադրեն ֆիլմը»,- նշված է ուղերձում:
Կատակերգական մարտաֆիլմի սյուժեի կենտրոնում երկու ամերիկացիների՝ հեռուստաօպերատորի և պրոդյուսերի ուղևորությունն է Հյուսիսային Կորեա՝ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընից հարցազրույց ստանալու նպատակով: Մինչդեռ հարցազրույցի փոխարեն նրանք ԿՀՎ-ի առաջադրանքով դավադիր պլանի իրագործում են պատրաստում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել