Պուտինը, Պորոշենկոն, Օլանդը և Մերկելը նշանակել են Մինսկի բանակցությունների ամսաթիվը
Աշխարհ
Ռուսաստանի, Ուկրաինայի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Պյոտր Պորոշենկոն և Ֆրանսուա Օլանդը, ինչպես նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսային բանակցությունների ընթացքում պայմանավորվել են Մինսկում շփման խմբի հանդիպումն անցկացնել դեկտեմբերի 24-ին և 26-ին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը:
«Շարունակվել է կարծիքների փոխանակումը Ուկրաինայի հարավ-արևելքում հակամարտության կարգավորման հարցերի շուրջ: Գոհունակությամբ նշվել է, որ վերջին օրերին հակամարտող կողմերն ընդհանուր առմամբ պահպանել են հրադադարի ռեժիմը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Բանակցությունների մասնակիցները կարևորել են հրադադարի ռեժիմի պահպանումը Ուկրաինայի արևելքում, ծանր սպառազինությունների հետքաշումը և հումանիտար օգնությունը բնակչությանը՝ կոչ անելով հակամարտության կողմերին շարժվել քաղաքական երկխոսության ուղղությամբ: Ընդսմին երկրների ղեկավարները նաև հորդորել են ակտիվացնել գերիների փոխանակումը և Մինսկի արձանագրության մյուս կետերը, ընդգծել են Ելիսեյան պալատում:
Բանակցությունների անցկացման ամսաթիվը Twitter-ում հաստատել է Պյոտր Պորոշենկոն: «Նորմանդական ձևաչափով» խոսակցության ընթացքում պայմանավորվեցինք Մինսկում եռակողմ շփման խմբի հանդիպումն անցկացնել այս շաբաթվա չորեքշաբթի և ուրբաթ օրերին»,- գրել է նա:
Ինչպես ճշտել են Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունում, երկրների ղեկավարները պայմանավորվել են հեռախոսային կոնսուլտացիաները շարունակել մի քանի օրից:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու