Իրանի նախագահը դեմ է մուսուլմանների զգացմունքները վիրավորելը որպես խոսքի ազատություն ներկայացնելուն
Աշխարհ
Մահմեդականների զգացմունքների վիրավորումը խոսքի ազատություն չէ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հունվարի 21-ին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին:
Թեհրանում ելույթ ունենալով Իրանի Մշակութային հեղափոխության բարձրագույն խորհրդի անդամների առջև՝ Ռոուհանին խորին ափսոսանք է հայտնել ֆրանսիական Charlie Hebdo շաբաթահանդեսում Մուհամեդ մարգարեի ծաղրանկարների հրապարակման կապակցությամբ՝ ընդգծելով, որ «աղետ է, երբ նման գործողությունները համարում են խոսքի ազատություն»:
«Աազատություն հասկացության քողարկմամբ այլոց վիրավորելը և իրենց հույզերի արտահայտումը սոսկ հրահրում է ծայրահեղականություն և չի նպաստում իսլամի և մնացած աշխարհի միջև առողջ հարաբերություններին»,- նախագահի խոսքը մեջբերում է Մեհր գործակալությունը:
Միաժամանակ, ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, նա դատապարտել է բռնության և ահաբեկչության օգտագործումը կրոնի պաշտպանության համար: Ռոուհանին հավելել է, որ Իրանը դատապարտում է այն գրոհը, որն ահաբեկիչները կատարել են Charlie Hebdo-ի խմբագրության լրագրողների նկատմամբ, և չի ընդունում նման մեթոդները, որոնք առնչություն չունեն իսլամի և մահմեդականների հետ:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու