Կիևում բերման է ենթարկվել «ֆինանսական մայդանի» 12 մասնակից
Աշխարհ
Կիևում «ֆինանսական մայդանի» մասնակիցների ձերբակալություններ են սկսվել, որոնք հանրահավաք են անցկացնում Ուկրաինայի Գերագույն ռադայի մոտ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մայիսի 22-ին հաղորդել է «Ուկրաինսկայա պրավդան»՝ հղում անելով բողոքի ակցիայի ակտիվիստներին:
Հրատարակության տեղեկատվության համաձայն՝ ոստիկանության բաժանմունք է բերվել 12 մարդ: Ինչպես պարզաբանել են իրավապահ մարմինների աշխատակիցները, հանրահավաքի մասնակիցները «ձերբակալված են ստուգման համար»:
Շուրջ 40 մարդ որոշել է գիշերն անցկացնել Գերագույն ռադայի շենքի մոտ: Բողոքավորները տուփերից ու վերմակներից տեղեր են սարքել գիշերելու համար, հաղորդում է «Ինտերֆաքս-Ուկրաինան»: Կոմունալ ծառայությունները ձեռնամուխ են եղել այրված անվադողների մնացորդների հավաքմանը, ընդ որում բողոքի ակցիայի մասնակիցները թույլ չեն տվել տանել «ֆինանսական մայդանի» դրոշները և մետաղական տակառները:
Մայիսի 21-ին հանրահավաքի մասնակիցները փորձել են ներխուժել Գերագույն ռադայի շենք: Նրանցից ոմանք կենտրոնական մուտքի ուղղությամբ նետում էին փայտեր ու դատարկ շշեր: Բացի այդ, պիկետի մասնակիցները անվադողեր են այրել: Նրանց և իրավապահ մարմինների ներկայացուցիչների միջև ընդհարումներ են տեղի ունեցել: Ինչպես հայտնել է Ուկրաինայի ՆԳ նախարարության մամուլի ծառայությունը, բախումների ընթացքում վերքեր է ստացել «ֆինանսական մայդանի» երկու ներկայացուցիչ, հոսպիտալացվել է չորս ոստիկան:
Ուկրաինայի խորհրդարանի շենքի մոտ ակցիան սկսվել է մայիսի 21-ի ցերեկը: Դրա մասնակիցները պահանջում են ավանդատուներին վերադարձնել խնդրահարույց բանկերի միջոցները, ինչպես նաև հանդես են գալիս ազգային բանկի ղեկավար Վալերիա Գոնտարևայի պաշտոնաթողության օգտին: Գերագույն ռադայի պատերի մոտ, ինչպես նաև Ուկրաինայի ազգային բանկի մերձակայքում պիկետներ են անցկացվում արդեն մի քանի ամիս:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից