Թուրքիայում 80-ից ավելի «գյուլենական» բիզնեսմեն է ձերբակալվել
Աշխարհ
Թուրքիայի իշխանությունների հանձնարարությամբ արդի իսլամի գաղափարախոս Ֆաթուլլահ Գյուլենի շարժման դեմ գործողությունների շրջանակում Քոնիայի նահանգում ձերբակալվել են 80-ից ավելի բիզնեսմեններ և ձեռնարկատերեր, որոնց անունները դեռևս չեն հրապարակվում:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Անատոլու» լրատվական գործակալությունը, Ֆաթուլլահ Գյուլենի շարժման դեմ գործողությունները վերսկսվել են այսօր առավոտյան: Ավելի վաղ այդ գործողություններն անցկացվել էին իշխանությունների կոռուպցիոն վարքը բացահայտած իրավապահների, դատախազների, լրագրողների դեմ:
Թուրքական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ Գյուլենի շարժման դեմ պայքարի շրջանակում Թուրքիայի պետական կառույցներում սպասվում են վերջին շրջանում ամենամասշտաբային կադրային տեղափոխությունները:
2013 թվականի դեկտեմբերի 17-25-ին այդ երկիրը ցնցած կոռուպցիոն սկանդալից անմիջապես հետո, որով բացահայտվել էին թուրքական կառավարության անդամների, այդ թվում՝ այն ժամանակ Թուրքիայի վարչապետ, ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որդու, փեսայի և դստեր խոշոր կոռուպցիոն գործարքները, Էրդողանը հայտարարել էր, որ դրա հետևում կանգնած են ԱՄՆ-ում վտարանդի արդի իսլամական քարոզիչ Ֆաթուլլահ Գյուլենի հետևորդները, որոնք ցանկանում են տապալել իր կառավարությունը: Էրդողանի հանձնարարությամբ աշխատանքից հեռացվել կամ ձերբակալվել են այդ կոռուպցիոն սկանդալը բացահայտած հազարից ավելի փաստաբաններ, դատախազության և ոստիկանության աշխատակիցներ: Իրավապահ, դատական և գործարար համակարգերը գյուլենականներից «զտելու» գործընթացը Թուրքիայում շարունակվում է մինչ օրս:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից