Գալապագոսյան կղզիներում սկսվել է Վոլֆ հրաբխի ժայթքումը
Աշխարհ
Գալապագոսյան կղզեխմբի խոշորագույն կղզում սկսվել է հրաբխի ժայթքումը: Այն կարող է վնաս հասցնել տարածաշրջանի եզակի էկոհամակարգին, որն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Ավելի քան 30 տարվա ընթացքում սա Վոլֆ հրաբխի առաջին ժայթքումն է, որը գտնվում է Իսաբելա կղզու հյուսիսային վերջավորությունում:
Ամենամոտ բնակավայրը՝ Պուրետո Վիլյամիլը, գտնվում է այդտեղից 115 կիլոմետր հեռավորության վրա, ուստի ժայթքումը մարդկանց համար սպառնալիք չի ստեղծի, հաղորդել են իշխանությունները:
Սակայն կարող է տուժել տեղի կենդանական աշխարհը, որը, մասնավորապես, ներկայացված է վարդագույն իգուանաներով (Conolophus marthae), որոնք աշխարհում այլևս ոչ մի տեղ չկան:
«Հրաբխի վրա գոյացել է ծխի սյուն, որի բարձրությունը հասնում է 10 կիլոմետրի»,- France-Presse գործակալությանը պատմել են Էկվադորի Երկրաֆիզիկայի ինստիտուտում:
Գալապագոսյան կղզիները, որոնք գտնվում են Խաղաղ օվկիանոսում՝ Էկվադորի ափից 1000 կիլոմետր հեռավորության վրա, աշխարհի՝ առավել ակտիվ հրաբխային տարածաշրջաններից մեկն են:


















































Ամենադիտված
Թրամփը նշել է «աշխարհի մեծագույն առաջնորդներից» երկուսի անունները