Նեպալում սկսվել է երկրաշարժի հետևանքով աշխարհից կտրված գյուղերի բնակիչների տարհանումը
Աշխարհ
Նեպալի իշխանությունները հզոր երկրաշարժի հետևանքով աշխարհից կտրված լեռնային գյուղերի շուրջ երեք հազար բնակիչների տարհանման փրկարար գործողություն են սկսել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մայիսի 27-ին հաղորդել է Նեպալի ազգային հեռուստատեսությունը: Ինչպես հայտարարել է Նեպալի օդերևութաբանության դեպարտամենտի ներկայացուցիչ Պրասադ Գյավալին, «ամբողջական տարհանման է ենթակա Նեպալի կենտրոնական մասի Սինդհուպալչոկ շրջանի առնվազն ութ գյուղ», շրջան, որն առավել մեծ չափով է տուժել անցած ամսին տեղի ունեցած երկրաշարժից: Այնտեղ ավերվել է մինչև 40 հազար տուն, զոհվել է շուրջ 1,4 հազար մարդ:
Պաշտոնյան հայտնել է, որ «երկրաբանների խմբի կողմից անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ այդ գյուղերը ոչ միայն ամբողջովին մեկուսացված են ճանապարհների աղետալի ավերման պատճառով, այլև գտնվում են սողանքների լուրջ սպառնալիքի ներքո»:
Ինչպես ավելի վաղ հաղորդել է Արտակարգ իրավիճակների ազգային կենտրոնը, Նեպալի երկրաշարժն ամբողջովին ավերել է 500 հազար տուն, ևս առնվազն 269 հազարը վնասվել են:
Ապրիլի 25-ին Նեպալի մայրաքաղաք Կատմադուից 84 կիլոմետր հեռավորության վրա տեղի է ունեցել 7,9 մագնիտուդով երկրաշարժ: Զոհերի թիվը գերազանցել է 8 հազարը, տուժածներինը՝ 14 հազարը: Նեպալում 7,3 մագնիտուդով երկրորդ երկրաշարժի զոհերի թիվը, որը տեղի է ունեցել մայիսի 12-ին, հասել է 96-ի, տուժել է 2563 մարդ: ՄԱԿ-ը հայտարարել է, որ տարերքի հարվածից հետո իրենց կացարանները լքել է ավելի քան 2,5 մլն բնակիչ: Իշխանությունները տարերքի հարվածից վնասը գնահատել են ավելի քան 10 միլիարդ դոլար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Թրամփը նշել է «աշխարհի մեծագույն առաջնորդներից» երկուսի անունները