ՄԱԿ-ի փորձագետը Բաքվին կոչ է արել բանտից ազատել իրավապաշտպաններին
Աշխարհ
Իրավապաշտպանների հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Միշել Ֆորստը քննադատել է Ադրբեջանում հայտնի իրավապաշտպանների նկատմամբ կիրառվող բռնություններն ու հետապնդումները' կոչ անելով Եվրոպական խաղերին ընդառաջ անհապաղ ազատ արձակել նրանց:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Contact.az-ը:
«Իշխանություններն ակտիվացրել են հետապնդումներն ու քննադատություններն իրավապաշտպանների նկատմամբ, արգելել են նրանց երկրից դուրս գալ և սառեցրել են բանկային հաշիվները: Այս բոլոր գործողությունները հիմնավորվում են կեղծ կամ քաղաքական շարժառիթ ունեցող մեղադրանքներով, որոնք առնչվում են պետական դավաճանությանը, անօրինական ձեռներեցությանը, հարկերից խուսափելուն կամ պաշտոնական դիրքի չարաշահմանը»,- նշել է Ֆորստը' հավելելով, որ ադրբեջանցի շատ իրավապաշտպաններ ստիպված են եղել դատարանի որոշումից առաջ կալանքի տակ մնալ երկար ժամանակ: ՄԱԿ-ի փորձագետը հիշատակել է Ինթիգամ Ալիևի, Խադիջա Իսմայիլովայի, Անար Մամեդլիի, Լեյլա և Արիֆ Յունուսների, Ռասուլ Ջաֆարովի և այլոց գործերը' նշելով, որ նրանք բոլորը «մեղավոր են», որ բացահայտել են կոռուպցիոն դեպքերն ու մարդու իրավունքների ոտնահարումները:
Նա ադրբեջանական իշխանություններին կոչ է արել Եվրոպական խաղերից առաջ ազատ արձակել իրավապաշտպաններին' մարզական այդ իրադարձությանը մասնակցել պատրաստվող մարզիկներին և երկրներին հորդորելով միանալ իր կոչին:


















































Ամենադիտված
Թրամփը նշել է «աշխարհի մեծագույն առաջնորդներից» երկուսի անունները