Էրդողանը կոալիցիոն կառավարության շուտափույթ ձևավորման կոչ է արել
Աշխարհ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել որքան հնարավոր է արագ կոալիցիոն կառավարություն ձևավորել` երկրում անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքների հիման վրա, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
«Կոալիցիոն կառավարությունը պետք է ձևավորվի որքան հնարավոր է արագ: Ոչ ոք չի կարող իր վրա վերցնել երկիրն առանց կառավարության թողնելու պատասխանատվությունը: Պետք է մի կողմ դնել անձնական հավակնությունները: Պետք է ասել ոչ թե «ես», այլ` «մենք»»,- ասել է Էրդողանը Անկարայում բուհերի շրջանավարտների առջև ելույթի ժամանակ:
Ակնկալվում է, որ Թուրքիայի խորհրդարանի առաջին նիստը տեղի կունենա հունիսի 23-24-ին` ընտրությունների արդյունքները հայտարարելուց 5 օր անց: Պատգամավորները պետք է ընտրեն խոսնակին և հաստատեն կառավարության նոր կազմը: Եթե պատգամավորներին չհաջողվի հաստատել նոր կազմը 45 օրվա ընթացքում, նախագահը կլուծարի խորհրդարանը և կնշանակի արտահերթ ընտրություններ:
Հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո Դավութօղլուի կառավարությունը հրաժարական է տվել, սակայն նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանձնարարությամբ Դավութօղլուն զբաղվելու է նոր կառավարության ձևավորման հարցով: Իշխող կուսակցությունն ընտրության արդյունքում չէր կարողացել բացարձակ մեծամասնություն ձևավորել, ուստի` ստիպված է լինելու կոալիցիոն կառավարություն կազմել:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել