Թբիլիսիի ջրհեղեղից տուժածներին կտրվի էկոլոգիական միգրանտների կարգավիճակ
Վրաստան
Թբիլիսիում ավերիչ ջրհեղեղի հետևանքով տուժածներին կտրվի էկոլոգիական միգրանտների կարգավիճակ: Այդ մասին հայտարարել է Վրաստանի հարկադիր վերաբնակների, փախստականների և տարաբնակեցման գործերի նախարար Սոզար Սուբարին, որը հունիսի 21-ին այցելել է հանրապետության մայրաքաղաքի՝ տարերային աղետից տուժած գոտիներ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:
«Սկսվել է այն վնասի ամբողջական գույքագրումը, որը կրել են քաղաքացիները: Ներգրավված է մի քանի գերատեսչություն՝ քաղաքապետարանը և շրջանային վարչությունները, էկոնոմիկայի նախարարությունը, առողջապահության նախարարությունը, մեր նախարարությունը, այլ գերատեսչություններ»,- ասել է Սուբարին:
Ընդսմին՝ նա նշել է, որ Փորձաքննության ազգային բյուրոն կպարզի և կգնահատի այն վնասը, որը կրել է բնակչությունը, ինչի հիման վրա էլ վերջնական որոշում կընդունվի էկոլոգիական միգրանտների կարգավիճակ տրամադրելու մասին:
Թբիլիսիում տեղի ունեցած տարերային աղետի հետևանքով զոհվել է 19 մարդ, երեք հոգի անհետ կորած է համարվում: Տասնյակ ընտանիքներ մնացել են անօթևան, հեղեղվել են բնակելի շենքեր, վնասվել են ճանապարհներ և քաղաքային այլ ենթակառուցվածք: Առողջապահության նախարարությունը հաշվառման է վերցրել 106 տուժած ընտանիք, ընդամենը՝ 457 մարդ:
Նախնական տվյալներով՝ տարերքի պատճառած վնասը գերազանցում է 100 մլն լարին (45 մլն դոլար):


















































Ամենադիտված
Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր