Եմենում հաստատված զինադադարը խախտվել է երկու ժամ անց
Աշխարհ
Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան ՄԱԿ-ի կողմից հումանիտար զինադադարի մասին հայտարարելուց երկու ժամ անց սկսել է կրակել Եմենի մայրաքաղաք Սանայի ուղղությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Lenta.ru-ն: Տեղի բնակիչները հայտնում են ուժեղ պայթյունների մասին:
Զինադադարի մասին հայտարարվել էր, որպեսզի օգնություն տրամադրվեր քաղաքի 21 միլիոն բնակչությանը, որն արդեն 3 ամիս է՝ քաղաքացիական պատերազմի և ռմբակոծությունների մեջ է: Հուլիսի 11-ի կեսգիշերին սկսված զինադադարը պետք է շարունակվեր մինչև մուսուլմանների համար սուրբ ամսվա՝ Ռամազանի ավարտը՝ հուլիսի 16-ը: Հակամարտող կողմերը տվել էին իրենց համաձայնությունը ժամանակավորապես ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ: Համաձայնություն կար այն բանի առնչությամբ, որ զինադադարի ընթացքում դադարեցվելու էին ոչ միայն ցամաքային գործողությունները, այլև ռմբակոծությունը, որն ինքնաթիռներից իրականացնում էր Սաուդյան Արաբիան:
Եմենում իրավիճակն առավել սրվել էր 2015թ. հունվարից, երբ շիա ապստամբները գրավել էին մայրաքաղաք Սանան: Ապստամբների ճնշման տակ նախագահ Աբդ Ռաբբո Մանսուր ալ Հադին և վարչապետ Խալեդ Բախախը հրաժարական էին տվել: Որոշ ժամանակ անց նախագահ Մանսուր Հադին ստիպված փախուստի էր դիմել Ադեն, իսկ կարճ ժամանակ հետո՝ մարտի 25-ին շիաների Ադեն մտնելով, հեռացել էր երկրից:
Նախագահը դիմել է Սաուդյան Արաբիային' խնդրելով միջամտել ստեղծված իրավիճակին: Մարտի 26-ին Սաուդյան Արաբիան Բահրեյնի, Կատարի, Քուվեյթի, ԱՄԷ-ի օդային ուժերի օգնությամբ Եմենում իրականացվել է «Վճռականության փոթորիկ» գործողությունը, որի ավարտից հետո սկսվել է ռազմական գործողությունների մյուս՝ «Հույսի վերականգնում» փուլը:
Հակամարտության ընթացքում մահացել է ավելի քան 3 հազար մարդ, շուրջ մեկ միլիոն մարդ էլ փախստական է դարձել:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան