Այսօր Հեմոֆիլիայի համաշխարհային օրն է
Հասարակություն
1989 թվականից նշվում է Հեմոֆիլիայի համաշխարհային օրը: Այդ օրը բազմաթիվ երկրներում կազմակերպվում են միջոցառումներ, որոնք ուղղված են հեմոֆիլիայով տառապող հիվանդների բուժման, դեղերով ապահովման և կյանքի որակի բարելավման հետ կապված խնդիրների լուսաբանմանը:
Այսօր հեմոֆիլիայով տառապող հիվանդների թիվն աշխարհում կազմում է մոտ 400 հազար մարդ /10 000 տղամարդուց մեկը/:
Արյան մակարդման ժառանգական հիվանդություններից 92- 95% կազմում են հեմոֆիլիաները' A, B, և Վիլլեբրանդի գործոնի անբավարարությունը:
Յուրաքանչյուր վտանգից խուսափելու և լիարժեք ապրելու համար ամեն 10 կգ քաշին անհրաժեշտ է 200 Միջազգային միավոր հակահեմոֆիլային պատրաստուկ: Նմանատիպ ամեն մի ներարկման արժեքը կազմում է 100-120 դոլար:
Հեմոֆիլիան արյան մակարդման համակարգի հիվանդություն է, որը պայմանավորված է մակարդման գործոնների պակասով և անցնում է ժառանգաբար' կապված X քրոմոսոմի հետ:
Հիվանդությունը կլինիկորեն դրսևորվում է տարաբնույթ արյունահոսություններով, արյունազեղումներով հոդերում, մկանային բունոցներում և օրգանիզմի այլ խոռոչներում: Կրկնվող ներհոդային արյունազեղումները առաջացնում են հողերի քրոնիկական բորբոքում, հետագայում' հաշմանդամության:
Ըստ էության, բուժման ենթակա են այս հիվանդության նույնիսկ ծանրագույն ձևերը: Բուժման միակ միջոցը պակաս գործոնի ներարկումն է: Վաղ տարիքից պակաս գործոնի կանխարգելիչ ներարկումները թույլ են տալիս բացառել արյունահոսությունները, ներհոդային և մկանային արյունազեղումները և կանխել հաշմանդամությունը:
Հակահեմոֆիլային պատրաստուկներով բուժումն ունի իր առավելությունները, սակայն դեղորայքի ամբողջ ծավալով ապահովումը թանկարժեք է: Մեկ հիվանդի հակահեմոֆիլային պատրաստուկի տարեկան պահանջարկի արժեքը կազմում է 12000 – 13000 դոլար:
Հեմոֆիլիայի կենտրոնում ներկայումս հսկվում է հեմոֆիլիայով տառապող 236 հիվանդ, որոնցից 57-ը երեխաներ են:
2003 թվականին ՀՀ առողջապահության նախարարության և Հեմոֆիլիայի համաշխարհային ֆեդերացիայի միջև կնքվել է հուշագիր, որի շրջանակներում Արյունաբանական կենտրոնը ստացել է հակահեմոֆիլային գործոններ: Համագործակցության արդյունքում իրականացվել է բավականին մեծ աշխանաք' Արյունաբանական կենտրոնում հիմնվել է հեմոֆիլիայի բաժանմունքը, ստեղծվել է Հեմոֆիլիայի ազգային ծրագիրը, կազմվել է հեմոֆիլիայով հիվանդների ռեգիստրը, արտերկրում վերապատրաստվել են մասնագետ-արյունաբաններ և լաբորանտներ, մակարդելիության լաբորատորիայում ներդրվել են արյան մակարդելիության ժառանգական հիվանդությունների ախտորոշման նոր մեթոդներ, ներդրվել է հոդային բարդությունների ժամանակակից բուժման արդյունավետ եղանակ և այլն:
ՀՀ առողջապահության նախարարությունը, Հեմեֆիլիայով հիվանդների հայկական ասոցիացիան, Հեմոֆիլիայի համաշխարհային ֆեդերացիան, ԱՄՆ Միննեսոտայի նահանգի Մինեապոլիսի տրոմբոզների և հեմոֆիլիաների կենտրոնը, ՀՀՖ-ի Անգլիայի կոագուլոպաթիաների ախտորոշման ռեֆերենս լաբորատորիան աջակցում են կենտրոնին, սերտ համագործակցում հայ մասնագետների վերապատրաստման գործում:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը