Եգիպտոսում այսօր պաշտոնապես կբացվի Սուեզի ջրանցքի նոր հունը
Աշխարհ
Եգիպտոսում այսօր պաշտոնապես կբացվի Սուեզի ջրանցքի նոր հունը: 72 կիլոմետր երկարությամբ այդ հատվածը կառուցվել է ռեկորդային կարճ ժամանակահատվածում: Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստին»:
Ակնկալվում է, որ բացման արարողության ժամանակ երկու նավ միաժամանակ կանցնի ջրանցքի նոր ճյուղի երկու հատվածով` դրանով իսկ նշանավորելով նավիգացիայի մեկնարկը: Բացման արարողությանը կմասնակցեն Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը, Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, արաբական երկրների առաջնորդներ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Եգիպտոսը մտադիր է կառուցել Կարմիր և Միջերկրական ծովերը միմյանց կապող Սուեզի ջրանցքի երրորդ նավարկելի ճյուղը: Խոսքն առանձին նավարկելի հունի մասին է, որը ձգվելու է Պորտ Սաիդ քաղաքից դեպի արևելք: Սուեզի ջրանցքի տվյալ ճյուղի երկարությունը կազմում է 9.5 կիլոմետր:
Ինչ վերաբերում է այսօր բացվող երկրորդ ճյուղին, ապա դրա իրագործումը Եգիպտոսին արժեցել է 8 միլիարդ դոլար: Նոր ճյուղը ջրանցքի օրական թողունակությունը 49 նավից հասցնելու է մինչև 97 նավի: Կահիրեում հուսով են, որ Սուեզի ջրանցքի ամբողջ համալիրի գործարկումից ստացված հասույթը առնվազն կեռապատկվի մինչև 2023 թվականը և կգերազանցի տարեկան 15 միլիարդ դոլարը: Նախորդ 10 տարիներին Սուեզի ջրանցքի շահագործումից Եգիպտոսի եկամուտը կազմել է գրեթե 47 միլիարդ դոլար:


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել