Գերիների հարցերով աշխատանքային խումբը սպասում է հայ կնոջը հայրենադարձելու Ադրբեջանի արձագանքին
Հայաստան
Հայաստանում Գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովին առընթեր աշխատանքային խումբը ադրբեջանական կողմում հայտնված 76-ամյա կնոջ հայրենադարձման հայտ է ներկայացրել և սպասում է հակառակ կողմի արձագանքին: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց վերոնշյալ աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանը:
Նրա տեղեկացմամբ' նման դեպքերում տեղեկությունները ստացվելուց հետո ուսումնասիրություն են կատարում, իսկ պաշտոնական հաստատում ստանալուց հետո համապատասխան ընթացակարգերն են մեկնարկում, որոնցից մեկն էլ գերու հայրենադարձման հայտ ուղարկելն է:
«Երբ ԶԼՄ-ներում հայտնվեց տեղեկատվություն, որ Ղազախի շրջանում կին է հայտնվել, համապատասխան ուսումնասիրություններ կատարվեցին, ի դեպ կնոջ տարիքն ու անունը սխալ էին գրել: Երբ կնոջ անձը հաստատվեց, ԿԽՄԿ-ի հետ սկսեցինք աշխատել հակառակ կողմի հետ: Այնուհետև պաշտոնական հաստատում ստացանք, որ այնտեղ է գտնվում կինը, որից հետո սկսվեց համապատասխան գործընթացը. հայտն ուղղարկվեց ադրբեջանական կողմին ԿԽՄԿ-ի միջոցով: Բայց հարցը երկկողմանիորեն պետք է լուծում ստանա: Այս պահին բանակցություններ են ընթանում, դեռ արդյունքներ չկան»,-հայտնեց Արմեն Կապրիելյանը' շեշտելով, որ ադրբեջանական կողմի հետ ստիպված են աշխատել միջնորդավորված կերպով:
«Նախկինում եղել են դեպքեր, երբ ուղղակիորեն համագործակցել ենք, բայց վերջին 4-5 տարում համագործակցության մասին խոսելն ավելորդ է»,-հավելեց զրուցակիցը' հույս հայտնվելով, որ ադրբեջանական կողմն այնքան ողջմիտ կգտնվի, որ շուտափույթ կկազմակերպի տարեց կնոջ հանձնումը հայկական կողմին:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից