Չեխիայի վարչապետը նշել է, որ ԵՄ գագաթնաժողովը հուզառատ է եղել
Աշխարհ
Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը Բրյուսելում կայացած Եվրամիության արտահերթ գագաթնաժողովից հետո հայտարարել է, որ քննարկումներն ուղեկցվել են լուրջ տարաձայնություններով և լարված մթնոլորտով։ Նոյեմբերի 26-27-ին կայացած հանդիպման գլխավոր թեման 2028-2034 թվականների ԵՄ բազմամյա բյուջեն էր և Ուկրաինային նախատեսվող ֆինանսական աջակցությունը։
Բաբիշի խոսքով՝ Չեխիայի համար ներկայացված բյուջետային առաջարկն անընդունելի է, քանի որ դրա ընդունման դեպքում երկիրը ներկայիս ֆինանսավորման համեմատ կկորցնի շուրջ 3,2 միլիարդ եվրո։ Պրահան պահանջում է պահպանել համախմբման հիմնադրամների ֆինանսավորումը, որն ուղղվում է ճանապարհների, հիվանդանոցների և տարածաշրջանային ենթակառուցվածքների զարգացմանը։
Վարչապետը նաև նշել է, որ գագաթնաժողովի ընթացքում որոշ առաջնորդներ բավականին բարձր տոնով են արտահայտել իրենց դժգոհությունը, իսկ բանակցություններում էական առաջընթաց չի գրանցվել։ «Ոչինչ տեղի չունեցավ», — այսպես է նա գնահատել բյուջեի շուրջ բանակցությունների արդյունքը։
Միաժամանակ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան հայտնել է, որ Ուկրաինային 45 միլիարդ եվրոյի նոր վարկ տրամադրելու նախաձեռնությանը աջակցել է ԵՄ 24 երկիր։ Բաբիշը, սակայն, պնդել է, որ Ուկրաինայի ֆինանսավորման հարցը չպետք է կապվի Եվրամիության հաջորդ յոթնամյա բյուջեի հաստատման հետ։
Բանակցությունների ընթացքում միասնական դիրքորոշման բացակայության պատճառով բյուջեի շուրջ քննարկումները կշարունակվեն դեկտեմբերին կայանալիք Եվրոպական խորհրդի հերթական գագաթնաժողովում։


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար