ԱՄՆ-ում Գոհաբանության օրը հեղեղումների հետևանքով հարյուրավոր չվերթեր են չեղարկվել, շուրջ 1 մլն տուն հոսանքազրկվել է
Աշխարհ
ԱՄՆ-ում Գոհաբանության տոնի օրը՝ նոյեմբերի 26-ին, հզոր փոթորիկը, հորդառատ անձրևներն ու հեղեղումները լուրջ խաթարումներ են առաջացրել երկրի տարբեր շրջաններում։ Հատկապես տուժել են արևելյան ափամերձ նահանգները, որտեղ քամիները տապալել են ծառեր և էլեկտրահաղորդման գծեր, իսկ ջրհեղեղները փակել են ճանապարհներ ու կամուրջներ։ Հոսանքազրկվել է ավելի քան 900 հազար սպառող՝ հիմնականում արևելյան նահանգներում, իսկ որոշ պահերի այդ թիվը մոտեցել է մեկ միլիոնի։
Օդային հաղորդակցությունը նույնպես լուրջ խափանումների է ենթարկվել։ FlightAware-ի տվյալներով՝ հինգշաբթի ավելի քան 400 չվերթ չեղարկվել է, ևս շուրջ 2400-ը՝ ուշացել։ Խնդիրներ են առաջացել Նյու Յորքի, Վաշինգտոնի և այլ խոշոր քաղաքների օդանավակայաններում։ Որոշ օդանավակայաններում ժամանակավորապես սահմանափակվել կամ դադարեցվել են թռիչքները՝ ուժեղ քամու և եղանակային վատ պայմանների պատճառով։
Հեղեղումների հետևանքով փրկարարները ստիպված են եղել մարդկանց դուրս բերել ջրի մեջ մնացած ավտոմեքենաներից։ Նյու Ջերսիում և Նյու Յորքի որոշ շրջաններում արտակարգ դրություն է հայտարարվել։ Մերիլենդում էլ էլեկտրամատակարարման խափանումների պատճառով մոտ 1,9 միլիոն ջրօգտագործողի հորդորել են սահմանափակել ջրի սպառումը, քանի որ խնդիրներ են առաջացել ջրամաքրման կայաններում։
Փոթորիկը խաթարել է նաև տոնական միջոցառումները․ Նյու Յորքում առաջին անգամ եղանակային վտանգի պատճառով հետաձգվել է Macy’s-ի հայտնի Գոհաբանության օրվա շքերթը, որը նախատեսվում է անցկացնել շաբաթ օրը։ Միաժամանակ երկրի Միջին Արևմուտքում առատ ձյուն է տեղացել, իսկ Խաղաղ օվկիանոսի ափին բարձր մակընթացություններն ու ուժեղ ալիքները հեղեղումներ են առաջացրել։
Օդերևութաբանների կանխատեսմամբ՝ արևելյան շրջաններում եղանակային պայմանները պետք է աստիճանաբար բարելավվեն, սակայն ուժեղ քամիներն ու տեղումները դեռ կարող են խոչընդոտել տոնական օրերի ճանապարհորդություններին։


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար