Իբիցայի ափերի մոտ շրջված լցանավը կքարշակվի դեպի նավահանգիստ. Սանչես
Աշխարհ
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարել է, որ Իբիցա կղզու ափերի մոտ շրջված «Med Emre» լցանավը նախատեսվում է տեղափոխել անվտանգ նավահանգիստ՝ հնարավոր բնապահպանական աղետը կանխելու համար։ Նրա խոսքով՝ քարշակման գործողությունը կարող է իրականացվել առաջիկա ժամերին կամ օրերին, սակայն նախ անհրաժեշտ է մասնագետների գնահատականը՝ նավի տեխնիկական վիճակի և տեղափոխման անվտանգության վերաբերյալ։
Մալթայի դրոշով նավարկող, թուրքական YMN Tankers ընկերությանը պատկանող լցանավը նոյեմբերի 26-ին շրջվել է Իբիցայից հյուսիս-արևմուտք՝ մոտ 7000 տոննա դիզելային վառելիքով։ Նավում եղել է 17 մարդ․ անձնակազմը փրկվել է, սակայն գլխավոր մեխանիկը հետագայում մահացել է հիվանդանոցում, ևս վեց մարդ ստացել է թեթև վնասվածքներ։
Իսպանիայի ծովային փրկարար ծառայության մասնագետներն ու ջրասուզակները սկսել են ուսումնասիրել նավի կորպուսը՝ պարզելու դրա կառուցվածքային վիճակը և քարշակման հնարավորությունը։ Իշխանությունների նախնական տվյալներով՝ վառելիքի արտահոսք չի արձանագրվել, իսկ ավելի վաղ նկատված յուղային հետքը վերացել է։ Այնուամենայնիվ, արտակարգ ծառայությունները շարունակում են վերահսկել իրավիճակը՝ Միջերկրական ծովի էկոհամակարգը հնարավոր աղտոտումից պաշտպանելու համար։


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար