Հաքերները կոտրել են ԱՄՆ ՌՕՈւ ամպային հարթակը
Աշխարհ
Հաքերները ներթափանցել են ԱՄՆ ռազմաօդային ուժերի խոշորագույն ամպային համակարգերից մեկը՝ Cloud One-ը։ Այս մասին նոյեմբերի 27-ին հայտնել է Reuters-ը՝ հղում անելով միջադեպին ծանոթ մի քանի աղբյուրների։ Ներխուժումը հայտնաբերվել է վերջին ամսվա ընթացքում՝ համակարգի արդիականացման աշխատանքների ժամանակ։
Cloud One-ը գործարկվել է 2017 թվականին և օգտագործում է Microsoft-ի, Amazon-ի, Oracle-ի և Alphabet-ի ամպային ծառայությունները։ Հարթակում աշխատում են տասնյակ հավելվածներ, որոնք կառավարում են զինծառայողների տվյալները, աշխատավարձերը, ռազմական տեխնիկայի սպասարկումը, նյութատեխնիկական մատակարարումները և այլ կարևոր գործընթացներ։ Համակարգերից մեկը հավաքում է Հյուսիսային Ամերիկայի հակաօդային պաշտպանության ռադարային տվյալները, իսկ մյուսը հետևում է ավելի քան 200 ամերիկյան ռազմակայաններում տեղակայված ռումբերի և հրթիռների պաշարներին։
Հարձակման հայտնաբերումից հետո դադարեցվել են նոր հավելվածների տեղափոխումը հարթակ, արգելափակվել են գործող ծրագրերի թարմացումները, իսկ որոշ օգտատերեր զրկվել են ադմինիստրատորի իրավունքներից։ Միջադեպի հետևանքները գնահատելու համար ներգրավվել է ԱՄՆ կիբերհրամանատարությունը։
Մինչ այժմ հայտնի չէ, թե ով է կանգնած հարձակման հետևում, որքան խորն է եղել ներթափանցումը և արդյոք հաքերները գողացել են որևէ տվյալ։ Չկա նաև հաստատում, որ նրանք հասանելիություն են ստացել ինքնաթիռների օպերատիվ տվյալներին կամ սպառազինության տեղաշարժին։ ԱՄՆ ռազմաօդային ուժերը միջադեպի վերաբերյալ մանրամասներ չեն մեկնաբանել։


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար