Մոլդովայի վարչապետը հայտարարել է, որ իր երկիրը կարող է արտադրել կալանիչ ԱԹՍ-ներ
Աշխարհ
Մոլդովայի վարչապետ Վասիլե Տոֆանը հայտարարել է, որ երկիրը տեխնիկական և մասնագիտական բավարար ներուժ ունի սեփական արտադրության կալանիչ անօդաչու թռչող սարքեր ստեղծելու համար։ Նոյեմբերի 27-ին Moldova 1 հեռուստաալիքի եթերում նա նշել է, որ Մոլդովայում կան որակյալ ինժեներներ, էլեկտրատեխնիկներ և մեխանիկներ, որոնց մասնագիտական փորձը կարելի է օգտագործել պաշտպանական արդյունաբերության զարգացման համար։ Նրա խոսքով՝ հատկապես երկրի հյուսիսում գործող ավտոմոբիլային և մալուխների արտադրության ոլորտները կարող են ներգրավվել նոր արտադրության մեջ։
Տոֆանը հայտնել է, որ կառավարությունն արդեն մշակել է պաշտպանական արդյունաբերության զարգացման օրենսդրական նախագիծ, որը հնարավորություն կտա տեղական ընկերություններին զբաղվել անօդաչուների արտադրությամբ և ներգրավել մասնավոր ներդրումներ։ Նա ընդգծել է, որ արդյունաբերության ստեղծումը ժամանակ կպահանջի, մինչդեռ երկրի օդային տարածքի պաշտպանությունն անհրաժեշտ է արդեն այսօր։
Վարչապետի խոսքով՝ միայն մեկ շաբաթ օրվա ընթացքում Մոլդովայի տարածքում հինգ անօդաչու է ընկել, իսկ վերջին շրջանում ԱԹՍ-ներ են նկատվել նաև Քիշնևի օդային տարածքում։ Նախագահ Մայա Սանդուն ավելի վաղ հայտարարել էր, որ Ուկրաինայից տեխնոլոգիաների փոխանցման շնորհիվ Մոլդովան կարող է 2027 թվականից սկսել կալանիչ անօդաչուների արտադրությունը։ Նախաձեռնությունը ներկայացվում է որպես երկրի պաշտպանական կարողությունների ամրապնդման միջոց՝ չնայած սահմանադրությամբ ամրագրված չեզոք կարգավիճակին։


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար