Բաքվում տալասեմիայով հիվանդները բողոքի ակցիա են անցկացրել
Ադրբեջան
Նոյեմբերի 17-ին Բաքվում տալասեմիայով հիվանդները Ազգային տալասեմիայի կենտրոնի դիմաց բողոքի ակցիա են անցկացրել' փակելով Ֆաթալի խան Խոյսկի փողոցը, որպեսզի պատկան մարմինների կողմից չլուծվող իրենց խնդիրները հասցնեն հասարակության ուշադրությանը:
«Ազադլըգ»-ը գրում է, որ ակցիայի վայր կանչված ոստիկանության աշխատակիցների կոշտ միջամտության արդյունքում ճանապարհը բացվել է:
Հուսալքության մեջ հայտնված տալասեմիայով հիվանդները հայտնել են, որ առողջապահության նախարարությունն ուշադրություն չի դարձնում իրենց խնդիրներին: Հիվանդներին զայրացրել է նաեւ այն, որ Տալասեմիայի միջազգային ֆեդերացիայի անդամներ' Չիկագոյի համալսարանի պրոֆեսոր Էնվեր Գուլիեւին եւ Հունաստանի տալասեմիայի ֆեդերացիայի խորհրդական Մայքլ Անաստոզիադիսին հիվանդների հետ հանդիպելու համար թույլ չի տրվել մուտք գործել Ադրբեջանի տալասեմիայի ազգային կենտրոնի դահլիճ:
Հիվանդները բողոքել են, որ կենտրոնն իրենց բավարար չափով արյամբ չի ապահովում, ինչի պատճառով ամեն տարի 10-ից ավելի երիտասարդ մահանում է:
Modern.az-ի հետ զրույցում տալասեմիայով հիվանդ 23-ամյա Սոնա Դուբուխովան ասել է. «Տալասեմիայի հետ կապված պետական ծրագիր կա, որի հիման վրա երկիր անհրաժեշտ դեղորայք է ներկրվում: Ամեն տարի 10-ից ավելի հիվանդ մահանում է: Արդյունքում ներկայացվում է, թե իբր հիվանդն «ինքն իրեն լավ չի հետեւել»: Նախարարություն ուղարկած իմ դիմումի պատասխանն արդեն 7 ամիս է' չկա: 2 հազարից ավելի հիվանդ կա: Տալասեմիայի ազգային կենտրոնի տրանսպլանտացիայի բաժանմունքում տարեկան 22 հիվանդ է բուժվում, ինչով հիվանդությունը կանխել հնարավոր չէ: Մենք արյան պակասություն ունեն ք: Ինչու՞ ամեն տարի տալասեմիայով հիվանդների թիվը պակասելու փոխարեն շարունակում է աճել: Նոր օրենքի համաձայն, ամուսնացող զույգերից տեղեկանք է պահանջվում: Սակայն, իմ ճանաչած բազմաթիվ մարդիկ այդ տեղեկանքը գնում են փողով եւ գրանցում ամուսնությունը»:
Սոնա Դոբուխովան հայտնել է, որ առողջապահության նախարարության ձեռք բերած դեղորայքն անորակ է:
«Այսօր հեպատիտով վարակված մեծ թվով տալասեմիայով հիվանդներ կան», -հավելել է նա:
Կայքը հույս է հայտնել, որ ամեն օր կյանքի համար հարկադրված պայքարող տալասեմիայով հիվանդների բողոքը կլսեն առողջապահության նախարարությունում եւ նրանց համար հատկապցված բազմամիլիոն ֆինանսական միջոցները վերջապես կծախսվեն ըստ նշանակության:
Արյան հիշյալ հիվանդությունները հանդիսանում են Ադրբեջանում տարածված' հարազատական ամուսնությունների բացասական հետեւանքներից մեկը: Ադրբեջանի պրոֆեսոր Էլխան Ռասուլովի համաձայն' Ադրբեջանում արյունով հարազատական ամուսնությունների հաճախականությունը կազմում է 18-19 տոկոս, ինչի արդյունքում, նման ընտանիքներում ծնված երեխաները տառապում են տարբեր անբուժելի հիվանդություններով: Մասնավորապես, Ադրբեջանի բնակչության 8 տոկոսը տալասեմիայի կրողներ են հանդիսանում:
Ադրբեջանի արյունաբանության եւ արյան փոխներարկման կլինիկական ինստիտուտի գլխավոր բժիշկ Իսքանդեր Բագիրովի տվյալներով' Ադրբեջանում մոտ 800 հազար մարդ հանդիսանում են տալասեմիայի պոտենցիալ կրողներ: Ադրբեջանի խորհրդարանի սոցիալական քաղաքականության հանձնաժողովի նախագահ Խադը Ռաջաբլին, իր հերթին, նշում է, որ Ադրբեջանում ամեն տարի տալասեմիայով հիվանդ 200, հեմոֆիլիայով (արյան անմակարդելիություն) հիվանդ 300 երեխաներ են ծնվում:
Տալասեմիայով, հեմոֆիլիայով եւ այլ գենետիկ հիվանդություններով հիվանդների սպառնացող աճը կանգնեցնելու նպատակով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը 2014 թվականին օրենք է ստորագրել, որի համաձայն, ամուսնանալ ցանկացող անձինք պարտավոր են բժշկական քննություն անցնել:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից