Ադրբեջանի միջազգային բանկի ղեկավարը ձերբակալվել է
Ադրբեջան
Բաքվում ձերբակալվել է Ադրբեջանի միջազգային բանկի ղեկավար Ջահանգիր Հաջիեւը, ով օրերս պաշտոնանկ էր արվել:
Ինչպես հաղորդում է APA լրատվական գործակալությունը, Ջահանգիր Հաջիեւը ձերբակալվել է Ադրբեջանի ՆԳՆ կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից:
Ադրբեջանական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին Ջահանգիր Հաջիեւի' Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության ղեկավար կազմի հետ ունեցած կոռուպցիոն կապերի մասին, որտեղ վերջերս աղմկահարույց կադրային ջարդ էր սկսվել երկրի նախագահ Իլհամ Ալիեւի անմիջական հանձնարարությամբ:
Նշվել էր, որ անցկացված հետազոտությունների ընթացքում պարզվել է, որ ԱԱՆ բարձրաստիճան չինովնիկների խումբը երկար ժամանակ հանցավոր գործողություններ է կատարել ձեռնարկատերերի նկատմամբ: Դրա վրա նրանք միլիոններ են վաստակել: Այսպես, Էլդար Մահմուդովի հանձնարարությամբ եւ ԱԱՆ գեներալների ակտիվ մասնակցությամբ ԱԱՆ աշխատակիցների խումբը գաղտնալսող սարքերով հետեւել է Ադրբեջանի բիզնես վերնախավի եւ միջին բիզնեսի հայտնի ներկայացուցիչների գործունեությանը: Հետագայում այդ բիզնեսմենների նկատմամբ հատուկ վարկաբեկիչ նյութեր են հավաքվել, իսկ հետո ԱՄՆ ղեկավարության հանձնարարությամբ հատուկ ջոկատայինների խումբն ապօրինի ձերբակալություններ է անցկացրել:
Մինչ այժմ զբաղեցրած պաշտոններից հեռացվել էին ԱԱՆ 9 բարձրաստիճան աշխատակիցներ, այդ թվում' 5 գեներալ, եւ ձերբակալվել ԱԱՆ 18 աշխատակիցներ:
Ադրբեջանական ԶԼՄ-ները ԱԱՆ-ը 11 տարի ղեկավարած Էլդար Մահմուդովի պաշտոնանկության հնարավոր պատճառներից են համարում նաեւ երկրի Միջազգային բանկի նախկին ղեկավար Ջահանգիր Հաջիեւի հետ կոռուպցիոն կապերը, սեփական ապօրինի բիզնեսները եւ այլն:
«Ազադլըգ» թերթն էլ գրել է, որ «բոլոր դեպքերում, ԱԱՆ երկարամյա ղեկավարին «հարվածելը» ցույց է տալիս, որ իշխանության ներսում խարդավանքներն ուժգնանում են եւ ներիշխանական խմբավորումների միջեւ պայքարը հասել է գագաթակետին»:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից