«Նոր Հայաստան»-ի երթն ավարտվեց Ազատության հրապարակում (տեսանյութ)
Քաղաքական
03:10
«Նոր Հայաստան»-ի երթն ավարտվեց Ազատության հրապարակում:
ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տարածել է հայտարարություն, որում նշում է, որ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը չի կարող կատարել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն չեղարկելու «Նոր Հայաստան» հանրային փրկության երթի մասնակիցների պահանջը և հանդիպել նրանց երեք լիազոր ներկայացուցիչների հետ։ Որից հետո «Նոր Հայաստան»-ի անդամները վերադարձան Ազատության հրապարակ:
02:05
ԿԸՀ-ի շենքը շրջափակված է ոստիկանական պատնեշով և թուլ չի տալիս ցուցարարներին մոտենալ շենքին: Այս պահի դրությամբ ցուցարարները Իսահակյան փողոցում են և սպասում են որևէ արձագանքի:
01:45
«Նոր Հայաստան»-ի մասնակիցները հեռացան ԿԸՀ շենքի մոտակայքից՝ բղավելով, որ նորից ետ են գալու իրենց պահանջի ետևից:
01:05
«Նոր Հայաստան»-ը շարունակում է իր երթը: Երթի մասնակիցները Մոսկովյան պուրակի սկզբնամասում են, որտեղ ոստիկանական պատը նրանց թույլ չի տալիս առաջ շարժվել: Հաղորդվեց, որ ընտրատեղամասերից մեկում ծեծի է ենթարկվել «Ժառանգության» ներկայացուցիչ հանձնաժողովի անդամ Հրայր Մանուկյանը:
23:57
«Նոր Հայաստան»-ի մասնակիցները որոշեցին նորից քայլերթով գնալ դեպի ԿԸՀ: Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ վաղը նորից հավաքվելու են և Սերժ Սարգսյանին հրաժարական տալու կոչ արեց:
23:20
«Նոր Հայաստան»-ի երթը, որը նախատեսված էր մինչ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենք, անցավ Երևանի փոքր կենտրոնով և կրկին վերադարձավ Ազատության հրապարակ: «Նոր Հայաստան» հասնելով ԿԸՀ, ցանկանում էր իր բողոքն արտահայտել և պահանջել, որպեսզի դեկտեմբերի 6-ի սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի արդյունքները չեղյալ համարվեն, ըստ իրենց, տեղի ունեցած կեղծիքների պատճառով:
Երթի մասնակիցները ցանկանում էին հանդիպել ԿԸՀ ներկայացուցիչներին, սակայն ոստիկանությունը թույլ չտվեց նրանց մուտք գործել շենք:
Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը նշեց, որ ԿԸՀ շենքում նիստ է ընթանում և երթի մասնակիցներն իրենց վանկարկումներով խոչընդոտում են դրա ընթացքը:
Որոշակի երկխոսությունից հետո «Նոր Հայաստան»-ի ղեկավարները որոշեցին երթը շարունակել, և այն անցավ Մաշտոցի պողոտայով, Հանրապետության հրապարակով և ավարտվեց Ազատության հրապարակում:
Այստեղ «Նոր Հայաստան»-ի ղեկավարներից Ժիրայր Սեֆիլյանը հանրահավաքի մասնակիցներին խնդրեց ժամանակ տալ իրենց, որպեսզի խորհրդակցություն անցկացնեն և ընդունվելիք որոշումների մասին տեղեկացնեն:
22.20
Վալերի Օսիպյանը Անդրիաս Ղուկասյանին հորդորեց կառուցողական համագործակցություն ձևավորել: Հիշեցրեց, որ 22.00-ից իրավունք չունեն լուսային և ձայնային ազդանշաններ տալու, քանի որ խախտում են հասարակական կարգը:
Երթը կվերադառնա Ազատության հրապարակ:
22.15
Հավաքված քաղաքացիները կոչ են անում համաքաղաքացիներին միանալ փողոց: «Դուրս արի փողոց» բացականչում են հավաքվածները:
Նշենք, որ սուլում են, կատարում ռազմահայրենասիրական երգեր, որոնց բառերը, սակայն, փոփոխել են և հարմարեցրել իրենց պահանջին:
21:45
Ոստիկանությունը կանգնեցրել է «Նոր Հայաստան»-ի անդամների երթը: Մոսկովյան պուրակի մոտ հասած «Նոր Հայաստան»-ի անդամներին ոստիկանությունը թույլ չի տալիս առաջ ընթանալ:
Ելույթ ունեցավ քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը. «Մեր երկրում տեղի է ունենում պետական հեղաշրջում։ Մենք այսօր հնարավորություն ենք ընձեռնում իշխանություններին հետ կանգնել այդ վտանգավոր ճանապարհից»։
21:14
«Նոր Հայաստան»-ի անդամները հայտարարեցին, որ իրենք քայլերթով կգնան դեպի ԿԸՀ և կպահանջեն չեղյալ հայտարարել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն:
20:00
Հիշեցնենք, որ Հայաստանի ողջ տարածքում ավարտվեց «Այո»-ի և «Ոչ»-ի քվեարկությունը:
Այս պահին Ազատության հրապարակը մարդաշատ է, այստեղ են հավաքվել «Նոր Հայաստան» փրկության ճակատի անդամները, ովքեր վճռական հանրահավաք են հրավիրել:
Նշենք, որ ոստիկանությունը հսկում է Ազատության հրապարակի բոլոր մուտքերը: Մեծ թվով ոստիկաններ են կենտրոնացված նաև ԿԸՀ շենքի մոտ:
«Նոր Հայաստան»-ի անդամները հայտարարեցին, որ իրենք քայլերթով կգնան դեպի ԿԸՀ և կպահանջեն չեղյալ հայտարարել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից