Ադրբեջանում չի հաջողվում գտնել հրդեհված «Գյունեշլի» նավթահորի նավթագործներին
Ադրբեջան
Կասպից ծովում ադրբեջանական «Գյունեշլի» նավթահորի թիվ 10 հարթակում դեկտեմբերի 4-ին բռնկված հերդեհի պատճառով ծովում հայտնված 31 նավագործի ճակատագիրը դեռեւս անհայտ է մնում: Փրկարարներին չի հաջողվում գտնել Ադրբեջանի պետական նավթային ընկերության' SOCAR-ի՝ ծովում հայտնված աշխատակիցներին: Անհայտ է նաեւ եւս երկու նավթագործների ճակատագիրը, ովքեր ծովն էին ընկել մյուս ծովային հարթակից:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Թուրան»-ին հայտնել են փրկարարական աշխատանքները կազմակերպող SOCAR-ի շտաբից' նշելով, որ մինչ այժմ հայտնաբերվել է երկու նավթագործի դիակ:
Մասնագետների խոսքով' որեւէ մեկին կենդանի գտնելու հավանականություն գործնականում չկա: Դեկտեմբերին Կասպից ծովում ջրի ջերմաստիճանը չի գերազանցում 7-8 աստիճանը: Մարդը նման գերսառեցմանը կարող է դիմանալ մեկ ժամից ոչ ավել:
Ծովում սաստիկ փոթորիկ է: Շտաբի տվյալներով' հարթակի որոշ առարկաներ փրկարարները գտել են վթարի վայրից 40-50 կմ հեռավորության վրա: Դա խոսում է այն մասին, որ ընկնելու վայրից ալիքները մարդկանց շատ հեռու են տարել:
Հետաքրքիր է, որ վթարից հետ առաջին հայտարարության մեջ SOCAR-ի նախագահ Ռովնագ Աբդուլլաեւը վստահեցրել էր, որ ոչ ոք չի զոհվել եւ բոլորը փրկվել են:
«Թուրան»-ը գրում է, որ նման անպատասխանատվությունը, ինչպես նաեւ փրկարար աշխատանքների ոչ հմուտ կազմակերպումը' ընդհուպ ճոպանի կտրվելը, ինչի հետեւանքով 34 մարդ հայտնվել է ջրում, երկար ժամանակ քննարկումների առարկա կլինեն:
Ադրբեջանում վերջին երեք տարիներին նավթային հարթակների վրա վթարները տեղի են ունենում պարբերաբար, ինչը վկայում է աշխատանքների ղեկավարման, ինչպես նաեւ անվտանգության ապահովման մեջ լուրջ խնդիրների առկայության մասին:
Նման վթար թիվ 441 հարթակում տեղի էր ունեցել 2014 թվականի հոկտեմբերի 23-ին: Այն ժամանակ զոհվել էր 5 մարդ:
2013 թվականի օգոստոսի 17-ին «Բուլլա դենիզ» նավթահորի թիվ 90 հարթակում տեղի ունեցած հրդեհն արտասահմանյան ընկերությունների օգնությամբ հաջողվել էր մարել երեք ամիս հետո:
Մասնագետների կարծիքով' ադրբեջանական նավթային հարթակներում հրդեհներն ու վթարները տեղի են ունենում մարդկային գործոնի' ղեկավարության մեղքով: Նրանք բազմիցս նշել են, որ այդ վթարները ղեկավարության կողմից լրացուցիչ եկամուտ ստանալու, կապիտալ վերանորոգումները հետաձգելու հետեւանք են:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից