ՀԱԿ-ը վերջին տարիներին վերելքի փոխարեն վայրէջք է կատարում. Շարմազանով
Քաղաքական
«Հայ ազգային կոնգրես» կուսակցությունն այլևս առաջվանը չէ և վերելքի փոխարեն վայրէջք է կատարում: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Այն, որ ՀԱԿ-ն այլևս այն չի, ինչ 2008-ին, 2009-ին և 2010-ին, փաստ է: Այն, որ ՀԱԿ-ն արդեն երկար տարիներ գնում է ոչ թե դեպի վերելք, այլ դեպի վայրէջք, սա էլ է փաստ: Ես չէ, որ դրա մասին պետք է ասեմ: Դուք հիշեք ՀԱԿ-ի ղեկավարներին, թե ինչ տեսք ուներ Տեր-Պետրոսյանի թիմը 2008թ.-ից հետո և ինչ տեսք ունի հիմա»,- ասաց Շարմազանովը:
Նա հիշեցրեց, որ 2008թ. նախագահական ընտրությունների ժամանակ ՀԱԿ-ի նախընտրական շտաբի պետը Ալեքսանդր Արզումանյանն էր, ով այսօր արդեն ՀԱԿ-ի անդամ չէ: «Նրանց առանցքային ուղեղներից մեկը Դավիթ Շահնազարյանն էր: Իսկ ո՞ւր է հիմա Դավիթ Շահնազարյանը՝ ՀԱԿ-ի հետ չէ: Սասուն Միքայելյան, Նիկոլ Փաշինյան, հերթով ասե՞մ: Այդ հարթակի տղաներին բոլորին հիշում եմ: Ո՞ւր են հիմա նրանք: Բոլորը դարձան հաճախորդնե՞ր, ինչպես իրենք են ասում: Վիրավորողը տվյալ դեպքում ես չեմ, իրենք են: Չի կարելի մարդու հետ ճանապարհ գնալ, հետո երբ այդ մարդիկ չեն կիսում քո կարծիքը, պիտակավո րել նրանց: Դա ճիշտ չէ»,- ասաց Շարմազանովը:
ԱԺ փոխնախագահը չհամաձայնեց դիտարկման հետ, թե վիրավորում է ՀԱԿ-ին: «Այդ վիրավորանք արտահայտությունը պետք է ոչ թե իմ նկատմամբ կիրառեք, այլ նրանց նկատմամբ, ովքեր իրենց երբեմնի եղբայրներին տարբեր էպիտետներով են կոչում՝ զուտ նրա համար, որ նրանք չեն կիսում իրենց կարծիքը: Իսկ մենք՝ կոնկրետ ես, քրիստոնյա մարդ եմ, բոլորին էլ սիրում եմ, հարգում եմ՝ անկախ նրանից, նրանք ինձ սիրում, թե ատում են: Ես նաև ինձ ատողներին եմ սիրում և հարգում, իրենց ցանկանում եմ խոհեմություն, խաղաղություն, առոսջություն, երջանկություն, բարգավաճում»,- ասաց Շարմազանովը:
Հարցին, թե առանց ՀԱԿ-ի հեշտացե՞լ են ԱԺ-ի աշխատանքները՝ հաշվի առնելով, որ ՀԱԿ-ը բոյկոտել է նստաշրջանը, Շարմազանովը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ խորհրդարանի աշխատանքները երբեք չպետք է հեշտ լինեն: Խորհրդարանի աշխատանքները պետք է միշտ լինեն բուռն, հետաքրքիր: Կոնգրեսը չի քննադատի, մեկ այլ ուժ կքննադատի»:
Անդրադառնալով հարցին, թե այդ դեպքում ինչպես է գնահատում Զարուհի Փոստանջյանի դերը, ով փորձում է լրացնել բացակա ընդդիմադիրների տեղը՝ երբեմն վիճելով նաև ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի և իր հետ՝ Շարմազանովն ասաց. «Ես կանանց հետ չեմ վիճում: Ես ընդմիջում եմ հայտարարում, այնուհետև շարունակում եմ աշխատանքը: Մակեդոնացուց այդ մի բանը Պտղոմեոսը լավ է գրել, կարդացեք կզգաք, որ կանանց հետ պետք չէ վիճել, կանանց պետք է հարգել, մեծարել, երբեմն ընդմիջում հայտարարել հարաբերություններում, այնուհետև էլի շարունակել»:


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար