Ավստրալական «Թաջ Մահալը» քանդելու վճիռ են կայացրել
Հասարակություն
Ավստրալական Պերտա քաղաքի խորհուրդը որոշում է ընդունել՝ քանդել սկանդալային հնդիկ միլիարդատեր Պանկայ Օսվալի կիսակառույց կալվածքը: Ունեցվածքի ընդհանուր արժեքը, որն ստացել է «Սուոն գետի Թաջ Մահալ» մականունը, գնահատվում է 70 մլն դոլար:
Պանկայ Օսվալը եւ նրա տիկինը՝ Ռադհիկան, պլանավորել էին հսկայական տուն կառուցել Պերտայի հեղինակավոր շրջաններից մեկում, այն տեղում, որտեղ Սուոն գետը թափվում է Հնդկական օվկիանոս: Հողամասի համար նրանք վճարել էին 22 մլն դոլար: Առանձնատան շինարարությունն սկսվել էր 2010 թվականին, բայց կանգ էր առել այն բանից հետո, երբ ավստրալական իշխանությունները միլիարդատերոջը մեղադրել էին հարկերից խուսափելու եւ քաղաքային շինարարական նորմերը խախտելու մեջ:
Օսվալների տունը պետք է ամենաթանկը դառնար Պերտայում: Շենքը պլանավորվում էր կառուցել հնդկական ոճով՝ յոթ գմբեթներով, սեփական տաճարով, մարզասրահով, լողավազանով եւ 17 մեքենաների համար նախատեսված ավտոտնակով:
2015 թվականին ամուսինները խոստացել էին կիսակառույց առանձնատունն ինքնուրույն քանդել մինչեւ 2016 թվականի սեպտեմբերի 30-ը, բայց օբյեկտի ապամոնտաժումը մինչ այժմ չի սկսվել: Պերտա քաղաքի խորհուրդը որոշում է ընդունել տունը քանդել սեփական ուժերով: Ենթադրվում է, որ ապամոնտաժման աշխատանքների արժեքը կկազմի 300 հազար դոլար: Այդ գումարը քաղաքը միլիարդատիրոջից կփորձի բռնագանձել դատարանի միջոցով:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ