«Մեկ քայլ առաջ, մեկ քայլ հետ». Արմեն Այվազյանը՝ Փաշինյանի հարցազրույցում եղած դրականի և բացասականի մասին
Բլոգոսֆերա
«Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն, պատմաբան և քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
««ՄԵԿ ՔԱՅԼ ԱՌԱՋ, ՄԵԿ ՔԱՅԼ ՀԵՏ». ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՈՒՄ ԵՂԱԾ ԴՐԱԿԱՆԻ ԵՒ ԲԱՑԱՍԱԿԱՆԻ ՄԱՍԻՆ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իտալական «Corriere della Sera» թերթին հարցազրույց է տվել, որում կան ինչպես մասնակիորեն դրական, այնպես էլ մեծապես բացասական թեզեր։ Սկզբում խոսենք դրականի մասին։
Պետք է ասել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասամբ շտկում է իր արտգործնախարարի ձախողած բանավեճը BBC-ի թղթակցի հետ (այդ ելույթը քննադատող մի քանի նյութ հղում եմ այս գրառման վերջում)։ Թեև Ն. Փաշինյանի հարցազրույցի ամբողջական հայերեն թարգմանությունը դեռևս հրապարակված չէ, բայց համացանցում զետեղված մի քանի հատվածներից կարելի է վստահ եզրակացնել, որ Զ. Մնացականյանի քննադատությունն ապարդյուն չի եղել և վարչապետն ու իր անմիջական շրջապատը որոշ հետևություններ, այդուամենայնիվ, արել են։ Այսպես, Փաշինյանն իր պատասխաններում կոնկրետ օրինակներով խոսում է Ադրբեջանում մոլեգնող հայատյացության պետական քաղաքականության մասին՝ մասնավորապես, հիշատակելով հայ սպա Գուրգեն Մարգարյանի Բուդապեշտում սպանության դեպքը և ադրբեջանցի մարդասպանի հերոսացումը, համաշխարհային ճանաչում ունեցող հայ ֆուտբոլիստ Համլետ Մխիթարյանի Բաքվում հանդես չգալու պատճառները և մի քանի համապատասխան դեպքեր (մանրամասն տե՛ս https://www.tert.am/am/news/2019/11/25/Pashinyan/3148630)։
Սա հարցազրույցի դրական կողմն է, որ քարոզչական առումով բավականին գրագետ է կառուցված։ Բայց, ցավոք, կա նաև բացասականը, որն արդեն շոշափում է ոչ թե քարոզչական, այլ ռազմավարական խնդիրներ։ Փաշինյանը կրկնում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ վերջին ամիսներին իր քանիցս հնչեցրած ամուլ թեզը, որը, եթե իրագործվի, ապա մեր կողմից անպայման նախատեսելու է անընդունելի զիջումներ։ Ահա.
«Երբ ես դարձա վարչապետ, մի բանաձև առաջարկեցի: Ես ասացի, որ հակամարտության ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար և Ադրբեջանի ժողովրդի համար: ...Շատերն ասացին՝ ինչո՞ւ պետք է Հայաստանի ղեկավարը հոգ տանի Ադրբեջանի ժողովրդի մասին: Որևէ լուծում կարող է կայուն լինել, եթե հաշվի են առնվել հակամարտության երեք կողմերը» (https://www.tert.am/am/news/2019/11/25/Pashinyan/3148630)։
Ղարաբաղյան հակամարտության լուծման այս «հանճարեղ» բանաձևը վտանգավոր է, որովհետև այն կարող է միմիայն նշանակել տարածքային զիջումներ հոգուտ Ադրբեջանի։ Իսկ դա անթույլատրելի է և մերժելի։
Ընդհանրապես, Փաշինյանը ճշմարտության դեմ լրջորեն մեղանչում է, երբ ասում է, թե իր այդ բանաձևն առաջադրել է իր վարչապետության սկզբից ի վեր։ Իրականում վարչապետ դառնալուց հետո առաջին ամիսներին նա ԲՈԼՈՐՈՎԻՆ ՈՒՐԻՇ բանաձև էր առաջադրում։ Ահա նրա իսկ խոսքերն՝ արտասանված 2018 թ. հուլիսի 20-ին (նույնն էլ ասել է 2018-ի ապրիլ-մայիսին տարբեր ելույթներում).
«Երբ ասում ենք փոխզիջում, դա նշանակում է, որ կա երկու կողմ, որոնք պատրաստ են զիջումների: Ինչո՞ւ ենք մենք ուզում քննարկել փոխզիջման գնալու մեր պատրաստակամությունը, եթե ակնհայտ է, որ Ադրբեջանը պատրաստ չէ գնալու փոխզիջման»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ մեթոդական սխալ են թույլ տալիս, երբ կառավարության որեւէ պաշտոնյայի հարցնում են՝ ընդունելի է իր համար արդյո՞ք «տարածքներ կարգավիճակի դիմաց» սկզբունքը: Երբ ուղերձ կստանանք, որ Ադրբեջանը հակված է փոխզիջման, մենք կքննարկենք, ընդ որում, ոչ թե կառավարության մակարդակով, այլ ազգովի, թե մեզ համար փոխզիջման ինչ սահման գոյություն ունի: Ես կարող եմ ասել մի բան՝ ես բացառում եմ ԼՂ հարցի կարգավորման այնպիսի լուծում, որն ընդունելի չի լինի մեր ժողովրդի համար: ՀՀ-ում չի կարող լինել մի իշխանություն, որը կարող է նման լուծման գնալ: ...մեզ համար անընդունելի է ռազմաշունչ եւ ագրեսիվ հռետորությունը, որը վարում է Ադրբեջանը: Կարգավորման համար անհրաժեշտ է կարգավորման մթնոլորտ»,- ասաց նա» (https://armtimes.com/hy/article/141995)։
Ակնհայտ է, որ Ղարաբաղյան հարցի լուծման Փաշինյանի 2018 թ. ապրիլ-հուլիսին առաջադրած բանաձևը շատ լրջորեն տարբերվում է 2019 թ. սեպտեմբեր-նոյեմբերին նրա առաջադրածից։ Ոչ Ադրբեջանի ագրեսիվ հրետորաբանությունն է դադարել, ոչ էլ առավել ևս նրա ագրեսիվ քաղաքականությունն ու պատերազմական պատրաստությունները։ Ուրեմն որն է պատճառը, որ Փաշինյանն փոքր-ինչ այլաբանորեն անընդհատ սկսել է խոսել (փոխ)զիջումներից։
«Corriere della Sera»-ին տված իր հարցազրույցում Փաշինյանի մյուս մեծ սխալն էլ այն է, որ նա նորից ու նորից կրկնում ու որդեգրում է Թուրքիայի նկատմամբ նախկին իշխանությունների արտաքին քաղաքական արատավոր ուղեգիծը, այն է՝ պատրաստակամություն է հայտնում այդ ցեղասպան գիշատիչ պետության հետ հարաբերվել առանց նախապայմանների. «Մենք ասել ենք, և ես կրկնում եմ, որ պատրաստ ենք վերահաստատել դիվանագիտական հարաբերությունները Թուրքիայի հետ առանց որևէ նախապայմանի: Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը մենք չենք համարում Թուրքիայի հետ մեր հարաբերությունների համար նախապայման» -- ասում է Փաշինյանը (https://www.lragir.am/2019/11/25/496794/…)։
Այս դիրքորոշումը պարզապես մանկամտություն է, որը մեզ համար կարող է ծանրագույն հետևանքներ ունենալ։
Ավելին, Փաշինյանը դարձյալ չի տալիս Հայաստանի դեմ թուրքական թշնամական քաղաքականության համարժեք ու անհրաժեշտ գնահատականները՝ լոկ նկատելով, թե՝ «դժբախտաբար, ցեղասպանությունից ավելի քան մեկ դար անց Թուրքիան հայերի կողմից դեռևս ընկալվում է որպես մեր անվտանգության համար հնարավոր սպառնալիք»։
Սա ևս կոպիտ վրիպում է։ Չէ՞ որ «ընկալումը» և իրականությունը կարող են միմյանցից մեծապես տարբերվել։ Արտասահմանցի ընթերցողն էլ իրավունք կունենա մտածելու, որ հայերը Թուրքիայի իրենց «ընկալումներում» չափազանցությունների մեջ են ընկնում։ Այդպես կարող է արտահայտվել կեղծ օբյեկտիվություն պահպանող օտար լրագրողը կամ մեկնաբանը, բայց ոչ երբեք ՀՀ վարչապետը։ Իրականում, Թուրքիան Հայաստանի համար ամենաիսկական ու մեծագույն սպառնալիքն է, անկախ նրանից, թե հայերն ինչպես են այն ընկալում։ Ու չի կարելի մեղմացուցիչ բառախաղերով մեղմել այդ սպառնալիքի գոյութենական չափերն ու աստիճանը։
Կարճ ասած, Փաշինյանի հարցազրույցը կարելի է բնորոշել որպես «տեղում դոփում» կամ «մեկ քայլ առաջ, մեկ քայլ հետ»՝ անարդյունավետ ու ժամանակավրեպ տեղաշարժ։ Ավաղ...
Հետգրություն 1. Թուրքիայի հանդեպ ՀՀ որդեգրած քաղաքականության քննադատությամբ բազմիցս եմ հանդես եկել, վերջին անգամ հետևյալ հարցազրույցում՝ «Կտրուկ շրջադա՞րձ. Հայաստանը թշնամական որակեց Թուրքիայի քաղաքականությունն իր նկատմամբ»
https://www.youtube.com/watch…
Հետգրություն 2. ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի՝ BBC-ի թղթակցի հետ ունեցած բանավեճի քննադատությանը կարելի է ծանոթանալ հետևյալ հղումներով՝
ԻՆՉ ՊԵՏՔ Է ԱՍԵՐ ԶՈՀՐԱԲ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԸ, ՈՐ ՉԱՍԱՑ BBC-ԻՆ ՏՎԱԾ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՈՒՄ
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=602189526985629&id=100015837611475
Что должен был сказать и не сказал Зограб Мнацаканян в интервью Би-би-си?
http://infocourier.am/2019/10/26/5181/… )
BBC-ի հարցազրույցում նախարարն ի ցույց դրեց ՀՀ արտաքին քաղաքականության սնանկությունը. Արմեն Այվազյան
https://www.youtube.com/watch…»։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն