Քաղավիացիայում հայտնաբերված թերությունները կապ չունեն նոր ղեկավարության հետ. Տաթևիկ Ռևազյան
Հասարակություն
«Վերջերս անընդհատ սխալ տեղեկություններ են շրջանառվում, թե Եվրոպայի միության կողմից հրապարակված զեկույցում առկա թերությունները վերջին երկու տարում են առաջ եկել: Ես վստահ կարող եմ ասել, որ զեկույցում ոչ մի ձևով նման բան ասված չէ»,- լրագրողների հարցին ի պատասխան՝ ասաց Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը: Ռևազյանը նշեց, որ զեկույցում փետրվարի յոթից ինն ընկած հատվածում կատարված այցի ընթացքում նկատված թերություններն են զետեղվել, սակայն խնդիրներն ավելի խորքային են: «Մենք, ընդհակառակը, ԵՄ ղեկավարության կողմից ունենք հայտարարություն, որը կարող ենք հրապարակել: Հայտարարության մեջ ղեկավար կազմը նշում է, որ թերացումներն ընդհանրապես կապ չունեն նոր ղեկավարության հետ»: Հարցուպատասխանին միացած Գալուստ Պողոսյանն, ով կոմիտեի փոխնախագահն է, ներկայացրեց զեկույցում նշված խնդիրները: «Վերհանված թերությունները տարատեսակ են, շատ են վարչությունների կազմակերպչական հարցերին վերաբերող խնդիրները, իրենք հորդորում են ներդնել մեկ միասնական գործելաոճ՝ բոլոր վարչությունների համար, անընդհատ կազմել զեկույցներ և արձանագրություններ՝ ամեն քայլի վերաբերյալ»: Փոխնախագահի խոսքով՝ աշխատանքներն իրականում արված են, պարզապես այլ ոճով, գուցե նաև մասնակի, հենց դա էլ Եվրոպական միության մտահոգության պատճառն է դարձել: Ռևազյանն, անդրադառնալով թերացումների լուծման ուղիներին, ասաց, որ մտածելակերպի հարց է, աշխատակիցները պետք է սկսեն այդկերպ մտածել ու հարցը լուծել ոչ թե հեռախոսի միջոցով, այլ՝ արձանագրելով: «Տարիներ շարունակ տվյալների հավաքագրումը միևնույն հարթակում չի եղել, դրա համար հիմա փոքր-ինչ խնդրի առաջ ենք կանգնած, բայց մենք նկատում ենք դրական աճ այս առումով, խնդիրն առանց լուծում չի մնա»,- եզրափակեց Ռևազյանը:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)