Պատերազմից հետո շարունակում են մնալ որոշ հարցեր, որոնք լուծման կարիք ունեն. Ալիև
ԱդրբեջանԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իտալական La Repubblica պարբերականին տված հարցազրույցում անդրադարձել է հարցին` գոհացնո՞ւմ է իրեն ռուս խաղաղապահների առաքելությունը:
«Ընդհանուր առմամբ մենք գոհ ենք: Արդեն մեկ տարի է` ինչ ավարտվել է պատերազմը, և ռուս խաղաղապահները տեղակայվել են Ղարաբաղում: Այս ընթացքում, առանձին միջադեպերը չհաշված, իրավիճակը կայուն է, ընդհանուր առմամբ մենք գոհ ենք: Իհարկե, շարունակում են մնալ որոշ հարցեր, որոնք լուծման կարիք ունեն: Մասնավորապես, կա օտարերկրացիների հարցը, որ պետք է Ադրբեջանից թույլտվություն ստանան ներկայում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում գտնվող մեր տարածքներում երթևեկելու համար»,- ասել է նա:
Ալիևի խոսքով` թեպետ Լեռնային Ղարաբաղ այցելող «զբոսաշրջիկների թիվը կտրուկ նվազել է», որոշ օտարերկրացիներ շարունակում են «ապօրինաբար մուտք գործել իրենց տարածք՝ ռուս խաղաղապահների տեղակայման վայրեր»:
«Այս հարցի շուրջ մենք ՌԴ լիազոր մարմինների, ՊՆ ուշադրությունն ենք հրավիրել, որ դրան վերջ դրվի: Այս և այլ հարցեր պետք է լուծում գտնեն, բայց ներկայում մենք ընդհանուր առմամբ գոհ ենք ռուս խաղաղապահների գործունեությամբ»,- ասել է Ալիևը: