Տղամարդը որոշել է առաջին անգամ մաքրել իր տունը և կոտրել է ոտքը
ԱյլՈւելսից Նաթան Մարշը կոտրել է ոտքը՝ փորձելով առաջին անգամ մաքրել իր տունը։ Այսպիսով, տղամարդը ցանկացել է ընկերուհուն օգնել տնային գործերում, սակայն վերջում մնացել է գիպսով, գրում է Daily Mail-ը։
Երբ Նաթանն իր ընկերուհուն՝ Բեթանին ասել է, որ մաքրելիս սայթաքել է և, կարծես, կոտրել է ոտքը, նա չի հավատացել։ Աղջիկը վստահ էր՝ ընկերը ձևացնում է, որպեսզի գնա հանգստանալու։
«Երբ տեսա նրան, նա պառկած էր աստիճանների ներքևում գտնվող իրերի կույտի մեջ, խճճված լարերի մեջ և չէր կարողանում քայլել»,- պատմել է Բեթանը։
Հասկանալով, որ իր սիրելին չի ձևացնում, նա, այնուամենայնիվ, զանգահարել է շտապօգնություն և հայտնել տեղի ունեցածի մասին։ Դեպքի վայր ժամանած բժիշկները նախնական հետազոտության ժամանակ հաստատել են, որ Նաթանը ոտքի կոտրվածք ունի։
Բուժաշխատողները փորձել են նրան տեղափոխել հիվանդանոց, սակայն աստիճանների տակ սահմանափակ տարածության պատճառով նրան չեն կարողացել նստեցնել անվասայլակին։ Արդյունքում որոշվել է հրշեջներին կանչել՝ տան պատուհանը հանելու և Նաթանին դրա միջով դուրս բերելու համար։
Ռենտգենը հաստատել է բժիշկների ախտորոշումը` տղամարդուն գիպս են դրել և տուն ուղարկել: Բժշկական կանխատեսումների համաձայն՝ վնասվածքի ապաքինման համար կպահանջվի ավելի քան մեկ ամիս, սակայն Բեթանի խոսքով՝ դա ընկերոջը չի ազատում մաքրություն անելուց։
«Ես դեռ ստիպում եմ նրան մի փոքր մաքրություն անել, բայց իհարկե ոչ երկրորդ հարկում»,- մեկնաբանել է կինը։