«Զանգեզուրի միջանցքն» իրականություն է դառնում. Ալիև
ԱդրբեջանԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ «Զանգեզուրի տրանսպորտային միջանցքն իրականություն է դառնում»։
«Այսօր կարող եմ ասել, որ Զանգեզուրի միջանցքը իրականություն է դառնում։ Այս նոր տրանսպորտային ենթակառուցվածքը կդառնա Արևելք-Արևմուտք և Հյուսիս-Հարավ միջանցքների կարևոր մասը»,- ասել է Ալիևը Աշխաբադում Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) անդամ երկրների ղեկավարների 15-րդ գագաթնաժողովում։ Նա հավելել է, որ Ադրբեջանի իշխանությունները ներկայումս լայնածավալ աշխատանքներ են տանում 2020 թվականի աշնանը 44-օրյա պատերազմի արդյունքում իրենց գրաված տարածքների վերականգնման համար։
«Լեռնային Ղարաբաղում ավերվել են բոլոր քաղաքներն ու գյուղերը։ Մենք լայնածավալ աշխատանքներ ենք սկսել այդ տարածքները վերականգնելու համար, կան առաջնային արդյունքներ։ Այս բոլոր աշխատանքները ֆինանսավորվում են Ադրբեջանի կառավարության միջոցներից։ 2021 թվականին այդ նպատակների համար պետբյուջեից հատկացվել է 1,3 մլրդ դոլար, առնվազն նույնքան կհատկացվի 2022 թվականին»,- ասել է նա։
Ալիևը հավելել է, որ Լեռնային Ղարաբաղը հայտարարվել է «կանաչ էներգիայի» գոտի՝ արևային էներգիայի ներուժն այդ տարածքներում գնահատվում է 7200 մեգավատ, հողմային էներգիան՝ 2000 մեգավատ։