Մակրոնը հայտարարել է Ռուսաստանի հետ «անկեղծ, պահանջկոտ» երկխոսության անհրաժեշտության մասին
ԱշխարհՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ԵՄ-ին անհրաժեշտ է «անկեղծ, պահանջկոտ» երկխոսություն Ռուսաստանի հետ՝ լարվածությունը թուլացնելու համար, եւ կոչ է արել անվտանգության նոր միջոցներ ձեռնարկել մայրցամաքում, գրում է The Guardian-ը։
Ելույթ ունենալով Փարիզում՝ ԵՄ-ում Ֆրանսիայի վեցամսյա նախագահության սկզբում, Մակրոնն ասել է. «Ես կարծում եմ, որ Եվրամիությունը պետք է երկխոսություն վարի Ռուսաստանի հետ: Երկխոսություն վարելը չի նշանակում զիջել, երկխոսություն նշանակում է նախեւառաջ ամփոփել տարաձայնությունների արդյունքները»։
«Ես շարունակում եմ պահանջել անկեղծ, պահանջկոտ եւ համակարգված երկխոսություն, քանի որ ԵՄ անդամ երկրները նույն պատմությունը չունեն Ռուսաստանի հետ կապված եւ չունեն նույն աշխարհագրությունը»,-ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։
Մակրոնը ողջունել է Ռուսաստանի հետ ԱՄՆ բանակցությունները՝ բարձր գնահատելով Եվրոպայի եւ Սպիտակ տան միջեւ «օրինակելի» համակարգումը այս հարցում։ Ֆրանսիայի նախագահն ասել է, որ Եվրոպայում անվտանգության նոր ճարտարապետությունը պետք է հաշվի առնի Սառը պատերազմի շրջանում սպառազինությունների վերահսկման պայմանագրի ժամկետի ավարտը։